Ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարծում եմ որպես օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր իրավունք եմ ձեռք բերել կարծիքս հայտնել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի արած հայտարարության մասին: Եթե ոչ զայրանալ, ապա առնվազն զարմանալ կարելի է, թե ինչպիսի կարծիք ունի մարզական ֆեդերացիայի նախագահը սպորտում կանանց ներգրավվածության վերաբերյալ, ով կարծում է թե հայ աղջիկը կամ կինը իրավունք չունի ֆուտբոլով, ծանրամարտով կամ էլ բռնցքամարտով զբաղվել:
Երբ ողջ աշխարհն է ոտքի կանգնում ու ողջունում մեզ, երբ Հայաստանի հիմն է հնչում և բարձրացվում է մեր հայրենիքի դրոշը, երբ ողջ հայ ժողովուրդն է ուրախանում մեր ձեռք բերած նվաճումներով, ես վստահ եմ, որ դա նաև Հայաստանում տվյալ մարզաձևի զարգացմանն է նպաստում, ինչը հասկանալի է բոլորին, երևի բացի նրանից: Իսկ ես հայտարարում եմ, որ ամուսնանալուց ու իմ հրաշք բալիկին ունենալուց հետո, ես շուտով վերադառնալու եմ ակտիվ սպորտ ու ապացուցեմ, որ հայ աղջիկը, հայ կինը կարող է և հասնելու է սպորտային մեծ բարձրունքների»: