ԱԺ-ում շարունակվում են 2014 թվականի բյուջեի քննարկումները: Քննարկման ընթացքում ելույթով հանդես եկավ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը՝ ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի հատկացումները:
Ելույթից հետո նախարարին հարց ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա առաջին հարցը վերաբերում էր շաբաթ օրը տեղի ունեցած զանգվածային հոսանքազրկմանը: Նա նախարարից ցանկանում էր իմանալ դրա պատճառները:
Արմեն Մովսիսյանը նշեց, որ շաբաթ օրը 10:24 րոպեին Հայաստանի էկոհամակարգը տարանջատվել է Իրանի էկոհամակարգից, բայց մինչ այս միասին էին գործում:
«Վթարի պահին ներկրումը կազմել է 200 մբ և միանգամից մեկուսացվել է, դա տևում է վայրկյանների ընթացքում և այդ ժամանակ սկսում է աշխատել պաշտպանական համակարգը, և որպեսզի այլ խնդիրներ չառաջանան՝ հոսանքն անջատվում է», - պարզաբանեց նախարարը:
Նրա խոսքերով` Իրանում խնդիրները կարգավորվել են շուրւջ երկու րոպե հետո:
«Հայաստանում ամբողջ այս վերականգնման ժամկետը տևել է երեքից երեք ու կես ժամ, միաժամանակ նաև հանձնաժողով էր ստեղծվել՝ քննարկումներ կազմակերպելու համար», -պատասխանելով հարցին՝ եզրափակեց նա: