Այս առաջարկով է հանդես եկել Թուրքիան՝ շեշտելով, որ դա տեղի կունենա, ՝՝եթե որոշակի զարգացումներ նկատվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն Ադրբեջանի հետ լուծելու գործում՛՛։ Այս մասին թուրքական ՝՝Հուրիեթ՛՛ օրաթերթին է հիշեցրել Թուրքիայի դիվանագիտական մի աղբյուր, ըստ որի, Թուրքիան փորձում է ակտիվացնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությունը։ Նույն աղբյուրը հիշեցնում է նաեւ, որ 2Օ12 թվականի նոյեմբեր ամսին Թուրքիան Մինսկի խմբին է ներկայացրել ՝՝Ինտեգրացված տրանսպորտային միջանցքների ծրագիր՛՛-ը, որն ուժի մեջ է մտնելու խաղաղության ժամանակաշրջանում ու ՝՝մասնավորապես այն բանից հետո, երբ Հայաստանը դուրս գա Լեռնային Ղարաբաղին հարակից ՝՝գրավյալ՛՛ յոթ շրջաններից։ ՝՝Մենք առաջարկում ենք բնականոն լիակատար հարաբերություններ Հայաստանի ու Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ՛՛, նշում է նույն աղբյուրը։ 

 

՝՝Հուրիեթ՛՛-ն այնուհետեւ տեղեկացնում է, որ առաջարկվող տրանսպորտային ծրագիրն ունի երկու փուլ։ Առաջինը չօգտագործվող երկաթուղիների վերանորոգման ու նորերը կառուցելու միջոցով Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանն իրար հետ կապելու փուլն է։ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղուն զուգահեռ, որի շինարարությունն ավարտվելու է այս տարվա վերջին, կարող է փորքր վերանորոգումից հետո վերաբացվել նաեւ Թուրքիա-Հայաստան երկաթուղին։ Իսկ զուգահեռ այդ երկաթուղուն, քննարկվում է ժամանակակից ավտոմայրուղի կառուցելու հարցը, որը երկու երկրների միջեւ կավելացնի առեւտրի ծավալները։

Դիվանագիտական նույն աղբյուրը, որի մասին ՝՝Հուրիեթ՛՛-ը տեղեկություններ չի հաղորդում, հայտարարում է, թե Թուրքիայի այս ծրագիրը նախատեսում է տարածաշրջանային երկրները կապել Եվրոպային ու Ասիային։ ՝՝Մարմարայի՛՛ ծրագրի ու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու միջոցով հնարավոր կլինի կապել Լոնդոնը Պեկինին, ՝՝տարածաշրջանում քաղաքական իրադրության բարելավման դեպքում, թույլ տալով Հայաստանին միանալ ռազմավարական այս պատկերին՛՛, ՝՝Հուրիեթ՛՛-ին է հայտնում դիվանագիտական աղբյուրը՝ ավելացնելով, որ Հայաստանն այս ծրագրի նկատմամբ մինչ այժմ ցուցաբերել է անտարբերություն եւ Մինսկի խմբի միջոցով չի տվել պաշտոնական որեւէ պատասխան։

՝՝Նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակի պատճառով Թուրքիան Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ չի ակնակալում Հայաստանի վարած քաղաքականության արագ փոփոխություն եւ որեւէ նշանակալի փոփոխություն չի սպասում մինչեւ 2Օ15 թվականը՛՛, ՝՝Հուրիեթ՛՛-ին է հաղորդում թուրքական դիվանագիտական աղբյուրը։