Երեկ Սերժ Սարգսյանը Իշխան Զաքարյանի թեկնածությունը ներկայացրել է ԱԺ՝ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնի համար։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում.
«Հուլիսին ԱԺ-ում Վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվության աղմկոտ քննարկումներից հետո շատերը կանխատեսում էին, թե Սերժ Սարգսյանը Զաքարյանի թեկնածությունը չի վերաառաջադրի, եւ քիչ էր մնում նրան հռչակեն կոռուպցիայի դեմ պայքարի ազատամարտիկ։ Հիմա արդեն, երբ Ս. Սարգսյանը վստահություն է հայտնում, հունիսին տեղի ունեցած խորհրդարանական իրադարձությունները նոր լույսի ներքո են երեւակվում։ Եվ ընդհանրապես, Իշխան Զաքարյանի անձը Սերժ Սարգսյանի երեկվա որոշումից հետո ավելի մանրամասն ուսումնասիրության կարիք ունի։ Զաքարյանն այն մարդկանցից է, ով վերջին 20 տարվա ընթացքում մշտապես պահանջված է եղել իշխանական բոլոր ուժերի կողմից. Նա եղել է Տեր-Պետրոսյանի «Հանրապետություն» խորհրդարանական խմբակցության անդամ, աշխատել է Հրանտ Բագրատյանի եւ Վազգեն Սարգսյանի կառավարություններում, Ռոբերտ ոչարյանի մերձավորն ու մտերիմն էր, ԲՀԿ հիմնադիր անդամ, եղել է աննկուն հակասերժական, եւ ի վերջո, արժանացել Սերժ Սարգսյանի «բարձր» վստահությանը»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):