«Հայկական Ժամանակ» թերթն այսօրվա իր համարում գրել էր, որ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իրենց հետ զրույցում հայտարարել է, թե նախօրեին այցելել է ձերբակալված 10 անձանց, հանդիպել , զրուցել վերջիններիս հետ: Շանթ Հարությունյանը պատգամավորին փոխանցել է, թե իր հանդեպ բռնություն է կիրառել անձամբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

YerevanNews.am-ը այս տեղեկությունը նախ փորձեց ճշտել ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանից, քանի որ վերջինս հանդիպել է նաև ազատ արձակվածների հետ, իսկ նոյեմբերի 5-ի երեկոյան նաև ներկա է եղել Կենտրոնի ոստիկանության շենքում:

- Նիկոլ Փաշինյանը զրուցել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ և հայտարարել, թե Կենտրոնի ոստիկանությունում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից բռնություն է կիրառվել ձերբակալվածներ Վարդան Վարդանյանի և Շանթ Հարությունյանի նկատմամբ: Պարոն Մանուկյան, դուք տիրապետու՞մ եք այդպիսի տեղեկատվության:

- Ոչ, չգիտեմ:

- Դուք այդ դեպքից հետո չե՞ք հանդիպել Շանթ Հարությունյանի հետ:

- Իսկ ինչ որ մեկը հանդիպե՞լ է: Ո՞վ կարող էր հանդիպել:

- Պարոն Փաշինյանն ասում է, որ այդ մասին անձամբ Շանթ Հարությունյանն է փոխանցել:

- Իրեն հարցրեք, ես չգիտեմ, տեղյակ չեմ: Ազատ արձակվածների հետ խոսել եմ: Ոչ մեկին ոչ մեկը չի խփել:

Արամ Մանուկյանը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ ինքը հանդիպել է բոլոր ազատ արձակվածների հետ և բռնությունների մասին որևէ տեղեկություն իրեն չի հասել: Նա նաև փոխանցեց, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է երեկ տեղի ունեցած հանդիպման մասին, իսկ ինքը Ոստիկանությունում եղել է հենց նոյեմբերի 5-ի երեկոյան, այդ պատճառով որևէ այդպիսի տեղեկատվության չի տիրապետում:

YerevanNews.am_ը զրուցեց նաև Նիկոլ Փաշինյանի օգնականի հետ, ով մեզ հետ զրույցում հայտարարեց, որ այն ամենն ինչ գրված է «Հայկական ժամանակ» թերթում ճիշտ է և Պարոն Փաշինյանն ավելացնելու որևէ բան չունի:

Իսկ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց, որ սպասենք Ոստիկանության պաշտոնական հայտարարությանը: