Քնի ճիշտ ռեժիմը կօգնի հղիանալ: Նման եզրակացության են եկել Հարավային Կորեայի համալսարանի գիտնականները:

Հետազոտությանը մասնակցել է 656 կին, ովքեր փորձել են հղիանալ արտամարմնային բեղմնավորման միջոցով,-այս մասին գրում է doctors.am:

Պարզվել է, որ ամենից հաջող բեղմնավորման հնարավորություն են ունեցել այն կանայք, ովքեր քնել են 7-8 ժամ (հնարավորությունը մեծացել է 53%-ով):

Հարկ է նշել, որ գրանցվել են նաև քուն մտնելու և արթնանալու ժամերը: Յոթ ժամից
պակաս քնած կանանց հաջող բեղմնավորման հնարավորությունները եղել են 15%-ով, իսկ 9 և ավել ժամ քնածներինը` 25%-ով պակաս:

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ քնի որակը, ինչպես նաև քնելու և արթնանալու ժամանակ լուսավորության աստիճանն ազդում է բեղմնավորման համար պատասխանատու հորմոնների մակարդակի վրա: Բացի այդ, քնի ռեժիմը կապված է ընդհանուր կենսակերպի (սննդակարգի, ֆիզիկական ծանրաբեռնվածության, վնասակար սովորությունների և այլն ) հետ:

Մասնագետները հավաստիացնում են, որ մարդիկ հետ են վարժվել քունն առնելուց:

Մեծ Բրիտանիայի հետազոտողները հաշվարկել են, որ բնակիչների 50%-ը տառապում է քնի խանգարումներից, ինչն անուղղակիորեն անդրադառնում է նրանց առողջության և կյանքի որակի վրա:

Հարցվածների մեծ մասը խոստովանել է, որ իրենք գիշերվա ընթացքում միջին հաշվով արթնանում են երկու անգամ, նրանց տանջում են փողին վերաբերող մտքերն ու աշխատավայրում եղած խնդիրները:

Հարցվածների մնացած մասը հայտնել է, որ իրենք շատ մակերեսորեն են քնում և լսում են բոլոր կողմնակի ձայները, ինչը նրանց պարզապես խենթացնում է և ստիպում է նյարդայնանալ նույնիսկ գիշերը:

Մասնագետները նաև հաշվարկել են, որ քուն մտնելու համար մարդուն միջինում անհրաժեշտ է 46 րոպե: