«Այսօր, հոկտեմբերի 7-ին Վարդան Պետրոսյանը կանչվել էր ոստիկանություն, որպես վկա հարցաքննվելու»,- «Փաստինֆո»-ին տեղեկացրեց վթարի ենթարկված դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: «Այսինքն վկայի կարգավիճակում չհասցրեց գնալ ցուցմունք տալ, քանի որ մինչ այդ արդեն ձերբակալվեց», -հավելեց մեր զրուցակիցը:

Բացի այդ փաստաբանը նաև հայտարարեց, թե ձերբակալման որոշումը կայացվել է նախքան փորձաքնության եզրակացության արդյունքների ստացումը: «Երբ քննիչին հարցրեցի, եթե փորձաքննության արդյունքները պատրաստ չեն, ինչո՞ւ են ձերբակալման որոշում կայացնում, քննիչը ոչինչ չկարողացավ պատասխանել: Ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքի այս անօրինական որոշումը մենք բողոքարկելու ենք»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Վարդան Պետրոսյանը, փաստորեն, փաստաբանի խոսքով, գործով այդպես էլ մինչ օրս չի հարցաքննվել ոչ վկայի և ոչ էլ կասկածյալի կարգավիճակում: Եվ սրանում դերասանի փաստաբանը միտում է տեսնում: «Պետք է լսեին երկու կողմերին էլ` և «Նիվա» մակնիշի մեքենայի մեջ գտնվող անձանց, և Վարդան Պետրոսյանին, այնուհետև դրա արդյունքում ստացված ելակետային ցուցմունքների հիման վրա, պետք է նշանակվեր դատաավտոտեխնիկական փորձաքննություն: Եթե մի կողմին են լսել ու մի կողմի տված ցուցմունքի հիման վրա են փորձաքննություն կատարել, ապա եզրակացությունը, վստահաբար, կստացվի ի վնաս Վարդան Պետրոսյանի, որովհետև քննիչները նրան չեն ցանկացել լսել»,- եզրակացրեց Նիկոլայ Բաղդասարյանը: