«Տրանսաէրո» ավիաընկերության Երևան-Մոսկվա չվերթը իրականացնող ուղևորատար «Բոինգ» ինքնաթիռն օդում հազիվ է խուսափել «ՅուԹեյր» ընկերությանը պատկանող Արխանգելսկից վայրէջք կատարող ինքնաթիռի հետ բախումից: Վթարից խուսափեու համար օդաչուներն ինքաթիռն ուղղել են դեպի ՌԴ մայրաքաղաք, ինչն արգելված է:
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել երեկ: Երևանից օդ բարձրացած ինքնաթիռն անհասկանալի պատճառներով փոխել է ուղղությունը և հայտնվել Պադոլսկ և Օդինցով շրջանների միջև՝ մեկ այլ «Բոինգի» ճանապարհին: Ընդ որում, երկու ինքնաթիռներն էլ գտնվել են 600 մ բարձրության վրա: Ինքնաթիռներն ամեն րոպե ավելի ու ավելի են մոտեցել, մինչև նրանց միջև տարածությունը չի հասել 2,5 կմ-ի,այս մասին գրում է Առաջին լրատվականը:
«Հաշվի առնելով ինքնաթիռների արագությունը՝ տարածությունը կարող էր մի քանի րոպեում հաղթահարվել, -ասում է իրադրությանը ծանոթ աղբյուրը: Սակայն այդ պահին Արխանգելսկից թռչող ինքնաթիռի օդաչուները որոշում են կայացրել ավելացնել օդանավի բարձրությունը, իսկ Երևանից թռչող ինքնաթիռը կտրուկ ձախ է շրջվել»:
Life News-ի զրուցակցի տվյալներով՝ փորձելով լքել արգելված գոտու տարածքը՝ «Տրանսաէրոյի» ինքնաթիռն անցել է Կուտուզովյան պողոտայի վրայով, և փոխելով ուղղությունը՝ ստացել է վայրէջք կատարելու թույլտվություն:
Life News-ի տվյալներով՝ «Տրանսաէրոյի» օդանավի անձնակազմի անդամներն այդպես էլ չեն կարողացել նշել կատարվածի օբյեկտիվ պատճառները: Մոտ ժամանակներս օդային տարածքում կատարվածի վերաբերյալ նյութեր կհավաքվեն և կհանձնվեն «Ռոստրանսնադզորի» հետաքննությանը:
«Տրանսաէրո» ընկերությունում հերքել են իրենց օդանավի և մեկ այլ «Բոինգի» վտանգավոր մոտեցումը:
«Վնուկովո» օդանավակայանում աննշան խափանվել է ավտոմատ սարքավորումների աշխատանքը, սակայն անձնակազմը ժամանակին արձագանքել է, և մեքենան բարեհաջող վայր իջեցրել: Ուղևորների կյանքին որևէ վտանգ չի սպառնացել:


