Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի թեկնածության քվերակությունից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Հարց ու պատասխանը ներկայացնում ենք ստորև.
- Արդյո՞ք Իշխան Զաքարյանն այն թեկնածուն էր, որին կարելի էր վստահել Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում:
- Դա ԱԺ նախագահի լիազորությունը չէ, ՀՀ նախագահն է որոշում կայացրել և առաջարկել նրա թեկնածությունը:
- Տեսակետներ կան, որ նա չի կարող չարաշահումներ բացահայտել, որովհետև չարաշահումների բացահայտման բանալին այլ մարդու ձեռքում է:
- Եթե մենք տեսակետների հետ հաշվի նստենք, կխճճվենք: Տեսակետներն այնքան շատ են ու շինծու:
-Վերջին օրերին պատգամավորների գործունեությանը խոչընդոտելու դեպքեր եղան և երեկ էլ պատգամավորները հայտարարեցին, որ սա արդեն ԱԺ-ի վարկի հարցն է: Չե՞ք զգում, որ պատգամավորներին չեն հարգում:
- Լավ չէ, որ պատգամավորները պարբերաբար են հիշում ԱԺ հեղինակության մասին կամ պատգամավորների պատվի ու արժանապատվության մասին: Եթե խոսքը Նիկոլ Փաշինյանին, Լևոն Զուրաբյանին և Զարուհի Փոստանջյանին է վերաբերվում, երեկ մենք քննարկել ենք, որին ներկա են եղել Փաշինյանը, Զուրաբյանը և պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը և մյուսները: Վաղը նախաձեռնել ենք, որպեսզի հանդիպենք պատկան մարմնի ղեկավարի հետ և փորձելու ենք հարցին պատասխան տալ:
-Փոշմանե՞լ եք արդյոք: Բյուջեն չի՞ թալանվել, ինչպես ամիսներ առաջ պնդեցիք:
-Իմ տեղը դու մի որոշիր՝ փոշմանել եմ, թե չէ: Ես իմ տեսակետը հայտնել եմ, մի քանի անգամ էլ այդ հարցին պատասխանել եմ: Մենք չենք այն իրավապահ մարմինը, որ պիտի որոշում կայացնենք կամ գնահատական տանք: Ուղղակի ուղարկել ենք այդ փաթեթը գլխավոր դատախազություն:
-Իշխան Զաքարյանի առանձնատան մասին ի՞նչ կասեք:
-Չեմ տեսել, չեմ եղել, դրա համար կարծիք չունեմ:
-Իշխան Զաքարյանը հանդիպել է խմբակցությունների հետ: Ավելի արդյունավետ աշխատելու ի՞նչ քննարկումներ են եղել:
-Քանի որ ՀՀԿ-ն աջակցում է, որպեսզի կողմ քվեարկենք Իշխան Զաքարյանին, պետք է այնպես անենք, որ նորմալ աշխատանքի արդյունքում ի վեր հանենք այն չարաշահումներն ու թերույունները, որոնք ճիշտ են և հիմնավոր: Իրականությանը պետք է համապատասխանի, կան քննադատություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, դրա համար հիմա ՎՊ նախագահի և ողջ աշխատակազմի խնդիրն է ի վեր հանել այն հարցերը, որոնք իսկապես կան, ոչ թե ԱԺ ամբիոնից գնահատականներ հնչեն, արդյունքում իրավական որևէ խախտում չլինի, դա շատ կարևոր հանգամանք է: Սկզբում պետք է հիմնավորվի, նոր հնչեցվի ԱԺ ամբիոնից:
Նշենք, որ երբ լրագրողներից մեկը հետաքրքրվեց , թե արդյոք տարօրինակ չէ , որ մինչև այժմ օֆշորային սկանդալի հարցը չի բացահայտվել, ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց և հեռացավ:
YerevanNews.am-ի տեսանյութը՝ ստորև: