Թուրք հայտնի լրագրող Օրալ Չալըշլարն անդրադարձել է թուրք պատգամավոր Վահիթ Էրդեմի նամակին` ուղղված իրեն, որտեղ պատգամավորը հիշեցնում է, թե հայերը Էրզրումում կոտորած են արել, իսկ լրագրողը խոսում է Հայոց ցեղասպանությունից։
Թուրքական Radikal-ի հայտնի լրագրող Օրալ Չալըշլարն իր հերթական հրապարակման մեջ տեղադրել է Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության պատգամավոր Վահիդ Էրդեմի՝ իրեն ուղղված նամակը, որտեղ պատգամավորը քննադատում է լրագրողին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մեջ եւ հիշեցնում, թե Էրզրումում հայերը կոտորած են արել։ Այս մասին հայտնում է akunq.net-ը:
Թուրք լրագրողն իր պատասխանում գրել է, որ թուրքերը պետք է իմանան, որ Էրզրումում հայերի իրականացրած դաժանությունները չեն կարող անդրադառնալ 1915-ի ցեղասպանության իրողության վրա։ «Որ թուրք ենք, չի նշանակում, որ ստիպված ենք պաշտպանել 1915-ի հանցագործությունները։ Ի վերջո, տեղի ունեցածի հետեւանքով մի մեծ ժողովուրդ հազարավոր տարիներ ապրած իր հողից տեղահանության, կոտորածի, պետական գիտակցված քաղաքականության հետեւանքով վերացվեց։
Այն ժամանակ էլ հայերի կոտորածին «ոչ» ասող Լիջեի կայմակամ Հուսեյին Սեմիի պես թուրքեր կային։ Նրանք էլ մեր պապերն են։ 2015-ին մի տարի է մնացել։ Ամբողջ աշխարհին կարող ենք հայտարարել, որ հարգում ենք ապրիլի 24-ին կորցրած մեր համերկրացիներին եւ չենք ընդունում այդ կոտորածը»,-գրել է Օրալ Չալըշլարը։
Օրալ Չալըշլարը քիչ թվով թուրք մտավորականների թվում է, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։ Նա 2012թ. ապրիլի 24-ին մասնակցել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառմանը։