Նոր Մոսկվայում 18 մարդու մահվան մեջ մեղադրվող Հրաչյա Հարությանը այժմ մեղադրվում է աշխատանքային գործունեության կեղծ թույլտվություն օգտագործելու մեջ:
Ինչպես հայտնի է Օզոբիշինո գյուղի մերձակայքում ավտովթարից հետո Հայաստանի 46 ամյա քաղաքացի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ ՌԴ ՔՕ 264-րդ հոդվածի 5-րդ մասով« Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և երթևեկության միջոցների շահագործում, որը անզգուշությամբ բերել է երկուսից ավել զոհ»: Առավելագույնը նրան այս հոդվածով սպառնում էր 7 տարվա ազատազրկում:
Մոսկվայի ոստիկանության մոտ կանգնած աղբյուրը « Вечерняя Москва» պարբերականին հայտնել է, որ առաջին գործին ավելացել է ևս մեկը 327 հոդվածի երկրորդ կետով «կեղծ փաստաթղթի օգտագործում»: Այդ կետով նախատեսված պատիժը տուգանքն է կամ ուղղիչ աշխատանքներ, կամ էլ կալանք վեց ամիս ժամկետով:
Հրաչյա Հարությունյանի նախկին իրավապաշտպան Ալեքսանդր Մելցևը հայտնել է, որ դեռևս չի ստացել երկրորդ քրեական գործ հարուցելու տեղեկատվություն, սակայն նշել է, որ վերջինիս նկատմամբ 264-րդ հոդվածով գործ հարուցած քննիչների գործողությունների մեջ խախտում չի նկատել:
Հարությունյանի ներկայիս իրավապաշտպան Ռուբեն Մարկարյանը հայտնել է, որ ինքը նույնպես տեղյակ չէ քրեական գործ հարուցելու մասին և չի կարող ասել, թե փաստաթուղթը իրական է եղել, թե կեղծ, քանի որ այն երբեք չի տեսել:
Այնուհետև պարբերականի թղթակիցը դիմել է Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվա քաղաքի գլխավոր վարչությանը` փորձելով պարզել, թե արդյոք հարուցվել է երկրորդ քրեական գործը: Մամլո քարտուղարը խոստացել է ղեկավարությունը ճշտել այդ հարցը, սակայն դրանից հետո մամլո ծառայության բոլոր հեռախոսները անջատվել են:
Պարբերականը շարունակում է պարզել քրեական գործ հարուցելու հարցը: