Այսօր ԱԺ-ում ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետˋպարզելու, թե ինչու պատգամավորին թույլ չեն տվել տեսակցել Շանթ Հարությունյանին:
Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
«Խնդիրը հետևյալն է` ես հստակ կարող եմ ասել իմ դիրոքրոշումը, այն հետևյալն էˋ օրենքը շատ հստակ, առանց տարընթերցումների հնարավորություն է տալիս, որ ԱԺ պատգամավորը մուտք գործի ՔԿՀ և իրեն պարտավոր են ուղեկցել ցանկացած տեղ, որտեղ ինքը կցանկանա, խոսքը վերաբերում է նաև, օրինակ պատժախուցին, այն տեղին, որտեղ պահվում է դատապարտյալ կամ կալանավորված կամ ձերբակալված անձը, և ըստ էության, ես արձանագրեցի, որ իմ այդ իրավունքը չի պահպանվել, ես պարոն Թովմասյանին ասացի, որ նշանակվի ծառայողական քննություն իր ապօրինությունը թույլ տված պաշտոնյաների նկատմամբ, բայց պարզվեց հակառակ բանն է տեղի ունեցել. ծառայողական քննություն է նշանակվել մեկ այլ ՔԿՀ պետի նկատմամբ, ով ինձ թույլ է տվել, որ ես տեսնեմ իքս կալանավորված անձին»,- նշել է Փաշինյանը:
Փաշինյանը նշեց անև, որ իրենց հայտնել է, որ վաղը նորից է գնալու ՔԿՀ, որպեսզի վիզուալ տեսնի, թե ինչ արդյունք է ունեցել այսօրվա հանդիպումը.
«Այսօր բազմաշերտ քննարկում տեղի ունեցավ, մի քիչ դժվար է տարանջատել, թե որ մասն է ընդունում արդարադատության նախարարույթունը, որ մասը չի ընդունում: Իմ հստակ դիրքորոշումը սա էˋ ԱԺ պատգամավորը ՔԿՀ-ում չի կարող հանդիպել որևէ սահմանափակմանˋ կալանավորի հետ հանդիպելու, նրա բողոքները լսելու առումով և այդպես շարունակ»,-նշել է Փաշինյանը:
Նա նշեց, որ իր հետ կապված դեպքին տրվել է հետևյալ պարզաբանումը. «Իբր այնտեղ օրենքի մեկնաբանության խնդիր կա և այլն և այլն, բայց ես ասեցի, որ օրենքի մեկնաբանության խնդիր չկա: Ես մեկ տարի է, ինչ պատգամավոր եմ և նախկինում երբևէ այսպիսի խոչընդոտի չեմ հանդիպել, սա առաջին դեպքն է»:
Լրագրողների այն հարցին, թե ՀՔԾ ներկայացրած դիմումից ինչ սպասելիքներ ունի, ԱԺ պատգամավորը պատասխանել է.
«Ակնկալիքը հետևյալն` ես դիմել եմ կանոնակարգով սահմանված կարգով և ակնկալում եմ ստանալ ամբողջական և համոզիչ պատասխան»: