Woldsport-ը անդրադարձ է կատարել Հենրիխ Մխիթարյանի կարիերայի աճին: Հոդվածը սկսվում է երեք տարի և երեք ամիս առաջ Երևանում Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Վրաստանի մինչև 21 տարեկան հավաքականների միջև տեղի ունեցած հանդիպումից, որտեղ վերջիններս կարողացան հաղթանակ տանել 3:2 հաշվով: Հոդվածագիրը համեմատում է հաղթանակի հասած վրաց ֆուտբոլիստների և այդ խաղին մասնակցած Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային կարիերաները և արձանագրում, որ վերջինս աննախադեպ առաջընթաց է արձանագրել վերջին տարիների ընթացքում:
Այստեղ պետք է նշել կարևոր փաստ Մխիթարյանի Դոնեցկյան կարիերայից, սկզբում նա ակումբում ամենացածր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստն էր և ապրում էր «Շախտյորի» բազայում: Այնուհետև նրա աշխատավարձը բարձրացրեցին, սակայն նա այնուամենայնիվ այդպես էլ շարունակեց ապրել սպորտային բազայում, ինչի պատճառով նրան անվանում էին «Բազայի տնօրեն»:
«Իհարկե ակումբը ինձ համար ընտրեց բնակարան, սակայն ես նախընտրեցի ապրել բազայում: Այստեղ ես ավելի կենտրոնացած եմ, հավելյալ ժամանակ չեմ ծախսում երթևեկության վրա և ավելի լավ եմ ընդունում, ինչ է նշանակում լինել «Շախտյորի» ֆուտբոլիստ: Բացի դա ես ընկերուհի չունեմ»,- նշել է Մխիթարյանը:
Ֆուտբոլային կարիերայում բավարար չէ միայն գնդակի հետ վարվելու տեխնիկան: Մխիթարյանի կյանքում կան նաև այլ կարևոր գործոններ, ինչը դարձրեցին նրան Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
Նրա ընտանիքում մեծ ուշադրություն են դարձնում կրթությանը: Հենրիխի քույրը՝ Մոնիկան, Միշել Պլատինիի օգնականն է: Նա սովորել է Լիոնում: Իսկ անձամբ ֆուտբոլիստը ազատ խոսում է չորս օտար լեզվով՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն: Անգլերեն նա սովորել է դպրոցում, ֆրանսերեն Ֆրանսիայում, որտեղ ապրել է հոր հետ, իսկ պորտուգալերեն Բրազիլական «Սան Պաուլույում» չորս ամիս տևած փորձաշրջանի ժամանակ:
Մխիթարյանի հայրը նույնպես եղել է լավ ֆուտբոլիստ: «Արարատում» 80-ականներին շատերը չէին կարող համեմատվել Համլետ Մխիթարյանի հետ: Մխիթարյանը հոր դրդմամբ սկսեց սիրել ոչ միայն ֆուտբոլը, այլ նաև գիրքը:
«Հայրս և մայրս շատ բան են ինձ սովորեցրել: Մանուկ հասակից ես շատ եմ կարդացել: Ես միշտ հետաքրքրությամբ եմ ընթերցում գրքեր, անգամ այն ժամանակ, երբ այն իմ սիրած ժանրից չէ, կարդում եմ ուշադրությամբ, համեմատում եմ ինձ գրքի հերոսների հետ: Այն օգնում է կյանքի իրավիճակներում: Երբ գրքում հետաքրքիր միտք եմ գտնում, ընդգծում եմ այն»,- նշել է Հենրիխը:
Այսօր շատ են ասում, որ վրացիները Մխիթարյանի մակարդակի խաղացող չունեն: Այո, դա այդպես է,սակայն այդ մասին կարելի է նշել նաև ռուսների և ուկրաինացիների կապակցությամբ:
Այնպես որ ֆուտբոլը միայն խաղադաշտում գնդակ գլորելը չէ: Հաջողակ կարիերայի համար անհրաժեշտ է ունենալ համբերատարություն, կանգ չառնել ձեռք բերածով և հաղթահարել արգելքներ, սովորել ոչ միայն խաղադաշտում, այլ նաև նրա սահմաններից դուրս: