Կա համընդհանուր հասարական դիրքորոշում ՀՀ վաստակավոր արտիստ Վարդան Պետորսյանի հետ կատարվածի հանդեպ: Հայաստանում բոլորն էլ շատ վատ գիտեն օրենքները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ԱԹՍՄ ՀԿ նախագահ Արա Խզմալյանը, ում համոզմամբ քանի որ դեպքը տեղի է ունեցել հայտնի և հասարակության կողմից սիրված անհատի հետ, ձեռք է բերել հասարակական հնչեղություն, աստիճանաբար հանգեցրել է նրան, որ բացահայտվեն ՀՀ-ի դատաիրավական համակարգի, իրավագիտակցության անդունդներն առհասարակ:
«Երեկ ես շատ պատահաբար, ամաչում եմ խոստովանել, որ իմացա, որ օրենքով նախատեսված չէ տնային կալանք ասվածը: Այսիքն` օրենքներն այնպիսին են, որ հնարավորություն են տալիս սահմանափակելու մարդու ազատությունը, անտեսելու մարդու իրավունքները, ընդհամենը երեկ մենք սկսել ենք խոսել խափանման այլընտրանքային միջոցների մասին: Սրանք ավելի ճիշտ են, քան իրավունք տալ քննիչին կալանավորել մարդուն տեղի-անտեղի: Մարդը մեղավոր է, արդար է, անարդար է, իրավունք ունեն կալանավորելու, սա վիրավորկան է»,- իր խոսքում նշեց Խզմալյանը:

Նա նաև նշեց, որ մարդկանց մոտ թյուր կարծիք է ձևավորվել, թե մտավորականների կողմից ներկայացված Երաշխավորագիր նամակն` ուղղված ՀՀ Գլխավոր դատախազին և Կոտայքի մարզի դատախազին ոչ թե կոչ է ազատ արձակելու Վարդան Պետրոսյանին, այլ փոխելու խափանման միջոց կալանքը: Նա նաև կոչ արեց բոլորին նախագահի ազդակը ներկայացնել լավագույնս և դա չքաղաքականացնել:

Ժառանգություն խմբակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն էլ դիրքորոշում հայտնեց, որ ամենատարրական մեղքից մինչև մեծագույն մեղքում մեղադրվողին նույն նժարին դնելը և նրա նկատմամբ անգամ մինչև մեղքի ապացուցումը խափանման միջոց կալանք կիրառելը օրենքի լրջագույն թերություններից է:

«Հանգամանքների բերումով այնպես է ստացվել, որ հեղինակավոր անձնավորությունը իր ողբերգության միջոցով հանդես է բերում այնպիսի խնդիր, որի պատճառով տառապում են շատերը, բայց բարձրաձայնելու հնարավորություն չեն ունենում: Պետք չէ կարծել, թե հանրության համար այս հարցը չի մոբիլիզացվում, իսկ սիրված դերասանի համար մոբիլիզացվում է: Այս ալիքը, որ բարձրացավ, ալիքը ողբերգությունն է, սակայն փորձանքն առանց դուռը թակելու է գալիս, որևէ մեկն ապահովագրված չէ»,- ասաց Սաֆարյանը` հավելելով, որ պահանջը միայն արդար վճիռն է:

Նա նաև նշեց, որ որևէ մեկին մեղադրելու իրավունք ոչ ոք չունի, և հասարակության մեջ չի գտնվի որևէ մեկը, որ կարծի, թե սա միտումնավոր արված արարք է, իսկ Վարդան Պետորսյանն, ըստ Սաֆարյանի, այն տեսակը չէ, որ հղփացած ասի` ինչ է եղել որ, մեկին էլ վթարի ենթարկեցի: Սաֆարյանի համար զայրոցնող և զարմացնող է այն հանգամանքը, ինչ տեղի է ունեցել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

«Բոլորն էլ վստահ էին, որ Վարդանի նկատմամբ խափանման միջոցը չի կիրառվի, քանի որ քննիչը ոչ մի հարցադրման չէր պատասխանում, խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո պարզվում է, որ կկիրառվի:Ես չեմ կարող չմտածել, որ ինչ որ մեկն ուղղորդում է այս գործը»,- կարծիք հայտնեց Սաֆարյանը: