Տարածաշրջանում հետաքրքիր իրադարձություններ են կատարվում, բավական սուր իրավիճակ է ստեղծվել, քանի որ ողջ տարածաշրջանը որոշակի փոփոխությունների շեմին է կանգնած: Այսպիսի տեսակետ է հայտնում ադրբեջանագետ Սարգիս Ասատրյան:

«Գիտենք, որ կա ՄՄ և դեպի Եվրոպա երկու ճամբարի բաժանվող խմբեր, և տարբեր երկրներ այս հարցում տարբեր դիրքորոշումներ ունեն: Տվյալ դեպքում Ռուսաստանի խնդիրն է` անել այնպես, որ հնարավորինս շատ հետխորհրդային երկրներ կարողանան ներգրավվել ՄՄ-ի մեջ: Ադրբեջանը եթե անգամ չանդամակցի ՄՄ-ին, Ռուսաստանը միևնույնն է` անելու է ամեն ինչ հնարավորինս շատ բան Ադրբեջանից կորզելու համար»,- իր խոսքում նշեց ադրբեջանագետը` հավելելով, որ նախքան նախագահական ընտրությունները` Պուտինի այցը հենց դա էլ հուշում է:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ներքին խնդիրներին` ադրբեջանագետը նշեց, որ ուշագրավ են պաշտպանության նախարարությունում տեղի ունեցող կադրային փոփոխությունները:

«18 տարի շարունակ պաշտպանության նախարարությունը ղեկավարվում էր մի անձնավորության կողմից` Սաֆար Աբիևի լուրջ փոփոխությունների է ենթարկվում: Նոր նախարարը սկսել է կադրային ջարդ իրականացնել` բոլոր հայտնի գեներալներին նա պարզապես ուղարկեց պահեստազոր, սկսեցին հետաքննվել բանակում զինվորների մահվան հետ կապված որոշ դեպքեր: Տոտալիտար երկրում, երբ մարդն ինչ որ պաշտոն է զբաղցենում, նա ամենակարող է լինում, պաշտոնից ազատվելուց հետո նրան անմիջապես ոտնատակ են տալիս»,- գնահատեց Ասատրյանը:

Շարունակելով խոսքը` ադրբեջանագետը նշեց, որ նոր նախարար Զաքիր Հասանովը լուրջ գործունեություն է ծավալում և արդեն երկու անգամ եղել է առաջնագծում: Նոր նախարարի ակտիվությունն, ըստ ադրբեջանագետի, զգացվում է Աբիևի պասիվության ֆոնին:

«Հնարավոր է, որ սահմանային միջադեպերն ավելի ակտիվանան: Ադրբեջանը կսկսի ավելի հաճախ խախտել հրադադարի ռեժիմը, դիվերսանտներ կուղարկի: Սա հնարավոր է, քանի որ նորանշանակ նախարարը դեռևս շատ ապացուցելու բաներ ունի: Դեպքերը ոչ թե կնվազեն, այլ միտում ունեն դեպի շատանալը: Պետք է շատ զգոն լինել»,- եզրափակեց Սարգիս Ասատրյանը: