Քրեական աշխարհում հայտնի «Թեփ» Արմենը (Արմեն Եփրեմյան), ով այսօր սպանվել է Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում, նախկինում Ռուսաստանում երկու անգամ դատապարտված է եղել ազատազրկման:

 

Ըստ տեղեկությունների, քրեական գործերից մեկով նա դատապարտված է եղել ՌԴ տարածքում անչափահաս երեխաների առուվաճառքի մեղադրանքով: Նա պատժի կրումը նոր էր ավարտել և Մոսկվայից Հայաստան էր եկել ժամակավոր՝ աներոջ թաղմանը մասնակցելու նպատակով: Ըստ ականատեսների՝ մարդասպանը ավտոմեքենայից կրակ է բացել Արմեն Եփրեմյանի գլխին:

Դեպքի վայրում աշխատում են մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ: Ըստ ֆոտոլրագող Գագիկ Շամշյանի, ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ, իրացնելով օպերատիվ-հետախուզական համատեղ գործողություններ, հայտնաբերել և վնասազերծել են սպանությունը կատարող կասկածյալին, ով եղել է ВАЗ 21 07 մակնիշի ավտոմեքենայով և նա հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություններից մեկի ազգականն է:

Նոյեմբերի 14-ին, ժամը 14.45-ին հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դիակ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Սարդարապատ գյուղի 16-րդ փողոցի թիվ 6 տան դիմաց, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի միջից անհայտ անձը չպարզված հրազենից կրակոց է արձակել 1972 թ. ծնված Արմեն Եփրեմյանի վրա և դիմել փախուստի: Ա. Եփրեմյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Կատարվել են դեպքի վայրի զննություն և այլ անհրաժեշտ ու անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համակարգված աշխատանքի շնորհիվ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը կարճ ժամանակում հայտնաբերվել և ձերբակալվել է: Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: