ՀՀ քաղաքացիները որոշել են պայքարել «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի կիրառման դեմ: Այդ նպատակով Ֆեյսբուքում ստեղծված հատուկ խումբը մեկ օրում արդեն հասցրել է շուրջ 600 քաղաքացու անդամագրել:
Այդ նպատակով նախաձեռնության անդամները հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Ինչպես շատերդ տեղյակ եք, 2014թ.-ի հունվարի մեկից բոլոր նրանք, ովքեր ծնվել են 1974թ.-ին կամ դրանից հետո, նոր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի համաձայն պարտադրված են լինելու իրենց զուտ աշխատավարձի 6.6-ից մինչև 13.0% փոխացել կենսաթոշակային մասնավոր ֆոնդերին՝ 63 տարեկանից հետո ետ ստանալու պայմանով:
«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» նախաձեռնության և որոշ ԱԺ պատգամավորների ջանքերի շնորհիվ այս ուրբաթ՝ նոյեմբերի 15-ին, ժամը 12:00-ին տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվելու է նշված բաղադրիչի կիրառման հետաձգումը:
Կոչ ենք անում նշված օրը՝ ժամը 12:00-ին, հավաքվել ԱԺ-ի մոտ և մեր ներկայությամբ սատարել մեզ աջակցող պատգամավորներին»:
Հիշեցնենք, որ ԱԺ նիստ անցկացնելու համար հավաքվել է 44 ստորագրություն: Ստորագրահավաքին չէր մասնակցել մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն , սակայն ՀՀԿ ղեկավար Գալուստ Սահակյանը նշել էր, որ նիստին կմասնակցեն, որպեսզի քվորում լինի: Սակայն այսօր կրկին ակտիվացել են խոսակցությունները, թե ՀՀԿ-ն կարող է տապալել նիստը, քանի որ չի ցանկանում հետաձգել իրենց իսկ նախագիծը: Այդպիսի կարծիք այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնեց նաև ԱԺ ՀՅԴ ղեկավար Արմեն Ռուստամյանը, միաժամանակ հույս հայտնելով, որ նման բան չի լինի:


