Այսօր կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ պայքարող բազում մարդիկ ՀՀԿ Կենտրոնական գրասենյակի դիմաց պահանջ էին ներկայացնում ՀՀԿ-ականներին, որ վերջիններս ներկայանան ԱԺ արտահերթ նիստին` չեղյալ համարելու վերոնշյալ օրենքում «պարտադիր» բառը:

Ցուցարարները պահանջում էին ՀՀԿ-ից բացատրություն տալ, թե ինչու է բոյկոտում արտահերթ նիստը: Սակայն ՀՀԿ-ականներից ոչ ոք այդպես էլ չներկայացավ հանրությանը:

Ցուցարարներից Տիգրան Պետրոսյանը ՀՀԿ-ի ներկայացուցչին է հանձնել իրենց 25 կետանոց պահանջները, որտեղ, ի պատասխան, ասել էին, որ կփոխանցեն ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին, ով կտա վերջնական պատասխանը: Ցուցարարները նաև հայտնեցին, որ գրասենյակում ասել էին, որ իրենց նույնպես հուզում է այդ խնդիրը: ՀՀԿ-ից պատասխանել էին ցուցարարներին, որ հաջորդ շաբաթվա ընթացքում իրենց կտան վերջնական պատասխանը:

Ցուցարարներն իրենց խոսքում հայտնեցին, որ պահանջները չբավարարելու դեպքում, իրենք կդիմեն հնարավոր բոլոր քայլերին:

Ցույցից ներկա էին բազմաթիվ ոստիկաններ, այդ թվում` Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ում ցուցարարները հայտնեցին, որ տեղյակ կպահեն իրենց հաջորդ քայլերի մասին:

Վերջում ցուցարարները հայտարարեցին, որ վաղը Մաշտոցի պուրակում կանցկացվի աշխատանքային հավաք` քննարկելու համար իրենց հաջորդ քայլերի մասին:

Ավելի մանրամասն` YerevanNews.am-ի տեսանյութերում: