YerevanNews.am-ը վերջերս հոդված էր հրապարակել «Պոլիտեխնիկի ռեկտորը նախարարի հրահանգը կկատարի, երբ իրեն հարմա՞ր կլինի» վերտառությամբ:
Մեր այս հոդվածին արձագանքել է ՀՊՃՀ Մինչբուհական և շարունակական կրթության կենտրոնի պետ Ա. Զապրոսյանը: Պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանը նոյեմբերի 6-ին YerevanNews.am լրատվական կայքում հրապարակել է մի հոդված, որում ներկայացնում է իր կարծիքը ՀՊՃՀ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ: Քանի որ իր կարծիքը տվյալ անձնավորությունը հրապարակել է նաև մի շարք այլ լրատվական միջոցներով և մատչելի է դարձրել ՀՊՃՀ ուսանողության որոշակի հատվածին, նպատակահարմար եմ գտնում ներկայացնել նաև իմ տեսակետը տվյալ հարցի վերաբերյալ։
Նախ և առաջ ինձ զարմացնում է ՀՊՃՀ-ի ֆիզիկայի ամբիոնի վարիչի գնահատականը իմ «անորոշ կրթության» մասին, խորհրդային միության ԲՈՀ-ի կողմից քիմիական ֆիզիկայի ոլորտում ինձ շնորհված գիտությունների թեկնածուի աստիճանի պարագայում։
Այնուհետ, անտեսելով ՀՊՃՀ-ում շուրջ 20 տարվա իմ գիտամանկավարժական ստաժը, հոդվածում նշում է իմ` «Պոլիտեխնիկի միջավայրին քիչ ծանոթ» լինելու վերաբերյալ։ Հոդվածի հեղինակն անտեսում է նաև, որ սկսած 1994 թվականից աշխատել եմ ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայտնի ընկերություններում՝ զբաղեցնելով առաջատար մասնագետից մինչև կրթական համալիրի տնօրենի պաշտոնները։ Շուրջ 7 տարի ղեկավարել եմ ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման գլխավոր վարչությունը։ ՀՊՃՀ-ում Microsoft IT ակադեմիա ծրագրի ղեկավար եմ դարձել ՀՊՃՀ նախկին ռեկտոր պարոն Մարուխյանի պաշտոնավարման ժամանակահատվածում Microsoft ընկերության հետ համապատասխան պայմանագրի շրջանակներում։
2012 թվականին ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը, այցելելով ՀՊՃՀ-ում գործող Microsoft IT ակադեմիա և ծանոթանալով ծավալած աշխատանքներին, առաջարկեց ընդլայնել գործունեությունը: Սա հետապնդում էր մեկ նպատակ. Պոլիտեխնիկը, բարձրագույն տեխնիկական կրթության կազմակերպման կրթօջախ լինելուց բացի, այն դարձնել նաև լրացուցիչ մասնագիտական կրթական ծառայություններ մատուցող, ՏՏ ոլորտում շարունակական կրթության, միջազգային սերտիֆիկացման վերապատրաստման դասընթացների կազմակերպման և տեխնոլոգիական հմտությունների զարգացման հաստատություն հասարակության լայն շերտերի համար, ինչը միաժամանակ կապահովի ՀՊՃՀ արտաբյուջեում լրացուցիչ մուտքեր` ի շահ համալսարանի:
Նույն թվականի դեկտեմբերին ՀՊՃՀ և AG Holding-ի, Սորսիո և Unicomp ընկերությունների հետ համագործակցության շրջանակներում համալսարանին տրամադրված համակարգչային տեխնիկայի շնորհիվ բացվեց գերզինված ՀՊՃՀ Մինչբուհական և շարունակական կրթության կենտրոն, որին միացվեց բուհում գործող Cisco ցանցային տեխնոլոգիաների ակադեմիան և Դասախոսների կատարելագործման կենտրոնը։ Վերջինիս նախկին տնօրենը նշանակվեց նորաստեղծ կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնում և անձամբ պատասխանատու էր ՀՊՃՀ դասախոսների վերապատրաստման ծրագրերի իրականացման համար։
Կենտրոնը մշակեց և ՀՊՃՀ գիտական խորհրդի հաստատմանը ներկայացրեց Microsoft ընկերության բոլոր հիմնական ուղղություններին վերաբերող ուսումնական ծրագրեր։ Այն առաջինն է ՀՀ-ում, որ սկսել է մի շարք ծրագրերի դասավանդումը Microsoft-ի պաշտոնական ուսումնական պլաններով.Windows 8.1, Windows Server 2012, Visual Studio 2013, Sharepoint Server 2012, Hyper V Server 2012 և այլն։
Կատարված աշխատանքների շնորհիվ ՀՊՃՀ նորաստեղծ կենտրոնը մրցակցության պայմաններում հաղթեց և ստացավ Հայաստանի ՏՏ ոլորտի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման իրավունք և Microsoft ընկերության գործընկերների վերապատրաստման պատվերներ, որի մասին բազմիցս հրապարակումներ եղել են մամուլում։
ՀՊՃՀ Մինչբուհական և շարունակական կրթության կենտրոնում է բացվել Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի հեռաուսուցման լսարանը, որում արդեն վերապատրաստվել են ՀՊՃՀ–ի դասախոսները և ստացել նշված հեղինակավոր համալսարանի վկայագրեր։
Բոլորովին վերջերս նշված կենտրոնում հանդիսավոր պայմաններում բացվել են համաշխարահային համբավ ունեցող ՏՏ ոլորտի երկու ընկերությունների ուսումնական լսարանները` 3D համակարգչային նախագծման, դիզայնի, գրաֆիկայի և անիմացիոն ծրագրերի մշակման ու արտահանման համաշխարհային առաջատար Autodesk ընկերության ուսումնական լսարանը և “Կասպերսկու լաբորատորիա” ընկերության ուսումնական լսարանն ու թեստավորման լսարանը, որի բացմանը, ի դեպ, անձամբ մասնակցել է հայտնի հակավիրուսային մասնագետ, պրոֆեսոր Եվգենի Կասպերսկին։
Այս ամենին զուգահեռ հարկ եմ համարում նշել նաև, որ կենտրոնի լսարաններն ու կարողությունները պարբերաբար օգտագործվում են National Instruments ակադեմիական ծրագրի շրջանակներում ՀՊՃՀ-ի անձնակազմի վերապատրաստման, Կիբեռնետիկայի ֆակուլտետի Միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոնի տեսական դասընթացների, ՀՊՃՀ գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով ստորաբաժանումների համակարգմամբ «Ամպային տեխնոլոգիաներ» և «Big data» ծրագրերով վերապատրաստման դասընթացների իրականացման համար։
Դեկտեմբերին կլրանա կենտրոնի առաջին տարին և ես հպարտությամբ եմ ներկայացնելու ՀՊՃՀ-ի ղեկավարությանը և հանրությանը կենտրոնի մեկամյա աշխատանքի արդյունքներն ու ձեռքբերումները։
Տվյալ պահին կենտրոնում Microsoft IT ակադեմիայի գծով ուսուցանում է մոտ 150 ուսանող, իսկ ընդհանուր ուսանողների թիվը նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել է 400 հոգի, ովքեր բարձր են գնահատում կրթության որակը և ցանկություն հայտնում հետագայում մասնակցել առաջարկվող այլ դասընթացների։
Ինձ համար պարզ չէ հոդվածի հեղինակի անհասկանալի և անտրամաբանական վերաբերմունքը Պոլիտեխնիկի Մինչբուհական և շարունակական կրթության կենտրոնի նկատմամբ, այն պարագայում, երբ կենտրոնի առաջարկած դասընթացներին հաճախում են նաև նրա դուստրը և կինը։ Հավանաբար հեղինակն այնքան է տարվել ռեկտորի աշխատանքը քննադատելու ցանկությամբ, որ քննադատում է նաև այն դրական փոփոխությունները, որոնց արդյունքներից օգտվում են նույնիսկ իր ընտանիքի անդամները (այս վերջին փաստի մասին նա համեստորեն լռում է իհարկե)։ Սա կարող է խոսել միայն ոչ օբյեկտիվ լինելու և այլ անձնական շահեր հետապնդելու մասին։
Հայտնում եմ նաև, որ, հոկտեմբերին ՀՊՃՀ-ում գտնվող Autodesk ընկերության ներկայացուցիչների հետ անձամբ այցելելով ՀՊՃՀ 10-րդ մասնաշենքում գտնվող ինովացիոն կենտրոն, ծանոթացել ենք իրականացրած աշխատանքներին, քննարկումներ ունեցել դասախոսների հետ և համակարծիք ենք, որ կենտրոնը համապատասխանում է ամենաբարձր չափանիշներին, ինչը նշել են նաև Autodesk-ի աշխատակիցները։
Ամփոփելով գրվածը՝ նախազգուշացնում եմ, որ ակնհայտ սուտ և զրպարտություն պարունակող տեղեկություններ տարածելու դեպքում համապատասխան անձինք կկանչվեն պատասխանատվության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Միևնույն ժամանակ հասկանում եմ, որ երկար տարիներ հին պայմաններում աշխատած որոշ դասախոսների համար բավականաչափ բարդ է հարմարվել ռեկտոր Արա Ավետիսյանի կողմից առաջադրվող նոր պահանջներին։ Սակայն անհրաժեշտ է գիտակցել, որ այդ պահանջները բխում են միջազգային պահանջներին համապատասխանող, ուսանողներին աշխատաշուկայում մրցունակ դարձնող, նրանց նորանոր հնարավորություններ երաշխավորող կրթություն ապահովելու հրամայականից։ Ռեկտորի կողմից իրականացվող փոփոխություններն անհրաժեշտորեն պայմանավորված են նշված նպատակներին հասնելու` նրա և նրան աջակցող մեծաթիվ դասախոսների վճռականությամբ։
Համոզված եմ, որ հասունացել է պահը, երբ որոշ անձինք պետք է կողմ դնեն անձնական շահերն ու մտահոգվեն համալսարանի բարեկեցությամբ և ուսանողների հետագա հաջողություններով, ինչը դիմորդների` օբյեկտիվորեն նվազող թվաքանակի և սուղ նյութատեխնիկական պայմաններում փորձում է իրագործել ռեկտոր Արա Ավետիսյանը։ Այլապես տպավորություն է ստեղծվում, որ իրականացվող աշխատանքներին օժանդակելու (նաև՝ ինչու չէ, խելամիտ առաջարկությունների ներկայացմամբ) փոխարեն, ուղղակիորեն հարվածի տակ է դրվում ավանդույթներ ունեցող բուհի հեղինակությունը և՛ հանրապետությունում, և՛ հանրապետության սահմաններից դուրս»:


