Ֆեյսբուք սոցիալական ցանցում վերջերս ստեղծվել էր «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնությունը, որը կարճ ժամանակում մեծ թվով հետևորդներ ձեռք բերեց: Նախաձեռնությունը պայքարում է կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նախաձեռնության անդամներ Հայկ Ավետիյանն ու Հարություն Աղրամազյանը ներկայացրեցին օրենքի կիրառման հնարավոր հետևանքներն ու իրենց հետագա անելիքները:
Բանախոսները նախ նշեցին, որ ըստ այդ օրենքի, 2014թ. հունվարի մեկից բոլոր նրանք ովքեր ծնվել են 1974թ.-ից հետո ստանալու են 6.5-ից 13 տոկոս կրճատված աշխատավարձ, որը գնալու է կենսաթոշակային ֆոնդին: Նրանց խոսքերով, եթե այդ օրենքը սկսի ակտիվ գործել, Հայաստանում աղետ կլինի, քանի որ մարդիկ ավելի քիչ աշխատավարձ են ստանալու:
«Պարզ չէ, թե այդ օրենքը ոնց է գործելու կամ ոնց են ստանալու: Եթե այդ օրենքը փոխվի կամ ինչ-որ այլ բան լինի, ո՞վ պետք է պատասխան տա այդ գումարների համար», - նշեց Հայկը:
Նախաձեռնության անդամները ներկայացրեցին նաև միջազգային փորձը, նշելով, որ Արգետինայում ֆոնդերը սնանկացել են, իսկ Ռուսաստանում գումարները սառեցվել են:
Նշենք, որ ԱԺ-ում երբ քննարկվում էր այս օրինագիծը,. Կառավարությունը բերում էր Չիլիի օրինակը, նշելով, որ այնտեղ այս համակարգը դրական ազդեցություն է ունեցել: Ի հակադրություն այս կարծիքի, Հայկը նշեց, որ Չիլիում 30-40 հազար մարդ իրենց խաբված են զգում այս օրենքի համար և այն վիճելի է համարվում:
Բանախոսները նշեցին, որ իրենք պայքարում են որպեսզի օրենքից հանվի պարտադիր կետը և մարդիկ կուտակեն գումարները կամավոր սզկբունքով, ոչ թե պարտադիր:
Նրանք նշեցին, որ պայքարելու են միջև վերջ, պայքարի ձևերը տարբեր են լինելու: Հայկի խոսքերով, լինելու են նաև գործադուլներ, հանրահավաքներ:
Հարությունն էլ նշեց, որ դեռևս իրենց նամակներին որևէ պետական կառույց պաշտոնական պատասխան չի տվել: Նրանք դիմել են նաև ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանին, սակայն նույնպես պատասխան չեն ստացել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-ի չորս խմբակցություններ նախաձեռնել էին արտահերթ նիստ, որպեսզի օրենքի կիրառությունը հետաձգեին մեկ տարով, սակայն նիստը տապալվեց, քանի որ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը չներկայացան քննարկմանը:
Հիշեցնենք նաև, որ այդ նույն օրն օրենքի դեմ պայքարող մարդիկ բողոքի ցույց էին անցկացրել` ԱԺ-ից շարժվելով մինչ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, որտեղ նրանց խոստացել էին պատասխանել հաջորդ շաբաթ: