Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Այս մասին YerevanNews.am–ին հայտնեց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Նա հայտնեց, որ Պետրոսյանին տեղափոխել են «Քանկոր» սիրտանոթային բժշկության կենտրոն:
Փաստաբանի փոխանցմամբ` դերասանը սրտի հետ կապված խնդիրներ ունի, որոնք նախկինում ևս առկա էին, այժմ սրվել են:
«Հարազատները դիմել էին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ նրան տեղափոխելու խնդրով: Վարդան Պետրոսյանն այժմ հետազոտությունն է անցնում կենտրոնում, դատելով առողջական վիճակից, հավանաբար կմնա այնտեղ: Առայժմ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որեւէ որոշում չի ստացվել»,- ասաց Բաղդասարյանը:
Նա նաև հայտնեց, որ հիվանդասենյակը հսկվում է ոստիկանության աշխատակիցների կողմից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորվել էր:


