shamshyan.com-ի փոխանցմամբ` երեկ՝ նոյեմբերի 17-ին, Քաջարանի բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Քաջարանի բաժին, որ դեմքի աջ կեսի պատռած, կտրած բազմակի վերքեր, աջ վերին կոպի պատռած վերք, մաշկային դեֆեկտով, աջ դաստակի 3-րդ, 4-րդ մատերի բաց, բազմաբեկոր կոտրվածքներ տեղաշարժով ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 16-ամյա Արթուր Հակոբյանը, 15-ամյա Արշակ Պետրոսյանը, 15-ամյա Նարեկ Բաղդասարյանը, 14-ամյա Յուրիկ Վանյանը և 35-ամյա Կարո Բաղդասարյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք Քաջարան քաղաքի բնակիչներ են: Հիվանդանոց մեկնած ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Քաջարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Քաջարանում տեղի ունեցած վրաերթի հետևանքով: Նույն օրը՝ ժամը 19:40-ի սահմաններում, Քաջարան քաղաքի բնակիչ, 32-ամյա Անդրեյ Հարությունյանը Քաջարան – Մեղրի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում իր կողմից վարած Mercedes Vito մակնիշի 75 NR 777 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նշված անձանց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչ այդ վիրավորներից մեկը վարելիս է եղել ВАЗ 2106 մակնիշի 51 ԼՕ 012 համարանիշի ավտոմեքենան, որը, վթարի ենթարկելով, կողաշրջվել է: Ու երբ նշված անձինք ավտոմեքենայի ուղղման աշխատանքներ են սկսել կատարել ճանապարհի բանուկ մասում, աջակողմյան կողնակի վրա վրաերթի են ենթարկվել: Վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վիրավորներին:

Մանրամասներն` սկզբնաղբյուր կայքում: