Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Գագիկ Բաղդասարյանը և իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել են <<Հավաքների ազատության մասին>> ՀՀ օրենքով սահմանված Երևանի քաղաքապետի կողմից  հավաքների անցկացման հարցի լուծման լիազորության իրականացման ընթացակարգը։ Ըստ այդմ նշվել է, որ Երևան քաղաքի տարածքում Երևանի քաղաքապետի կողմից  հավաքներ անցկացնելու հարցի լուծումն իրականացվում է  ՙՀավաքների ազատության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։ Օրենքի ընդունումից հետո, որն ուժի մեջ է մտել 2011 թվականի մայիսի 2-ին, Երևանի քաղաքապետարանում  հավաք անցկացնելու մասին  2011 թվականի ընթացքում մուտքագրվել է 31 իրազեկում, որից 28-ը ընդունվել է ի գիտություն, իսկ 3 իրազեկում կազմակերպիչների կողմից հանվել է հետագա քննարկումից։ 2012 թվականի ընթացքում` 102 իրազեկում, որից 77-ը ընդունվել է ի գիտություն, 9 իրազեկում կազմակերպիչների կողմից հանվել է հետագա քննարկումից, 13 իրազեկում ներկայացվել է Օրենքի խախտումով /իրազեկման ներկայացման ժամկետների խախտում/, 3 իրազեկման դեպքում հավաքների անցկացման համար սահմանվել են սահմանափակումներ (կազմակերպիչներին առաջարկվել է հավաքների անցկացման այլ վայրեր` իրազեկման մեջ նշված վայրերում նախապես այլ կազմակերպիչների կողմից հավաք նախատեսված լինելու հիմքով)։ Վերջին 3 դեպքում հավաքներ չեն անցկացվել։ 2013 թվականի ընթացքում` 15 իրազեկում, որից 9-ը ընդունվել է ի գիտություն, 3 իրազեկում, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, գտնվում են քննարկման փուլում,  3 իրազեկում վերադարձվել է` օրենքով սահմանված ժամկետում իրազեկումը ներկայացված  չլինելու   հիմքով։ 


Ընդհանուր առմամբ` 2011 թվականի մայիսի 2-ից մինչև 2013 թվականի փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է  հավաք անցկացնելու մասին 148 իրազեկում, որից 114-ն ընդունվել է ի գիտություն, 12  իրազեկում կազմակերպիչների կողմից հանվել է հետագա քննարկումից, 16 իրազեկում ներկայացվել է օրենքի պահանջների խախտմամբ (իրազեկման ներկայացման ժամկետների խախտում), 3 իրազեկման դեպքում կիրառվել է սահմանափակում (առաջարկվել է հավաքի անցկացման այլ վայր), իսկ 3 իրազեկում գտնվում է քննարկման փուլում։
Նշված իրազեկումների քննարկման ընթացքում Երևանի քաղաքապետի լիազորած անձի կողմից պահպանվել են օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերն ու պահանջները, այդ թվում համաչափության և  վարչարարության մյուս հիմնարար սկզբունքները` բացառելով  որևէ խտրական մոտեցում և նպատակ ունենալով ապահովել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 29-րդ հոդվածով և միջազգային պայմանագրերով սահմանված հավաքների ազատության` հավաք կազմակերպելու և հավաքին մասնակցելու իրավունքը (Օրենքի 1-ին հոդված), ինչպես նաև պետության կողմից հավաքի բնականոն և խաղաղ ընթացքը, այլ անձանց սահմանադրական իրավունքների ու հանրության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը (Օրենքի 10-րդ հոդված)։ Մասնավորապես` քննարկումներն իրականացվել են օրենքով սահմանված ժամկետներում և կարգով, լսումների անցկացման տեղի և ժամանակի  մասին պարտադիր ծանուցվել են հավաքների կազմակերպիչները, որոնք ընդունված որոշումների մասին անհապաղ տեղեկացվել են (ընդունված որոշումները   փակցվել են  նաև Երևանի քաղաքապետարանի  շենքում` բոլորի համար մատչելի և տեսանելի տեղում), իսկ հավաքների անցկացման համար պայմաններ առաջադրվել և սահմանափակումներ կիրառվել են բացառապես օրենքի 18-րդ հոդվածով սահմանված դրույթներին համապատասխան։ Քննարկման առարկա չեն դարձել այն իրազեկումները, որոնք ներկայացվել են օրենքով նախատեսված ժամկետի խախտմամբ (Օրենքի 12-րդ հոդված` Իրազեկումը կարող է ներկայացվել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, և ոչ շուտ, քան 30 օր առաջ)։


Հավաքների ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից ապահովվել է շտապ օգնության ծառայության իրականացումը։ 
Օրենքի ընդունումից հետո Երևան քաղաքի տարածքում հավաքների անցկացման հարցի լուծման հետ կապված  Երևանի քաղաքապետի կամ նրա լիազորած անձի որևէ որոշում, գործողություն կամ անգործություն դատարանում չի վիճարկվել, որը  ևս փաստում է  իրականացված վարչարարության իրավաչափության մասին։
Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունը միաժամանակ պատրաստակամություն է հայտնում ըստ անհրաժեշտության հավաքի կազմակերպիչներին տրամադրել խորհրդատվություն`  իրազեկումներ ներկայացնելու օրենքով սահմանված ընթացակարգի վերաբերյալ։