«Իրատես de facto» թերթը զրուցել է ԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ։ Ներկայացնում ենք զրույցից մի հատված.
-Ինչպես եք հաջողեցրել՝ Ձեր այսքան կարճ աշխատանքային կենսագրության ընթացքում, որպես մամուլի խոսնակ, բավականին լրատվամիջոցների, խմբագիրների, լրագրողների հետ «կռվել»։ Օրինակ, ես, լինելով այսքան «վատը», այսքան անտի-ԲՀԿ-ական, այսքան «ի՜ժ» ու «տաղանդավոր», երբևէ Ձեզ անվանարկել եմ։
-Ձեր ասածն իրականությանը չի համապատասխանում, որովհետև ես բարեկամական-գործակցային հարաբերությունների մեջ եմ, թերևս, բոլոր լրատվամիջոցների հետ, և կարող եք տարբեր լրատվամիջոցներից ճշտել դա։ Իսկ ինձ Դուք «անդրադարձել» եք դեռ սկսած այն ժամանակից, երբ ես խոսնակի լիազորություններ չունեի։ Ի դեպ, ես սովոր եմ, որ իմ կյանքում հատկապես կանայք են ինձ վիրավորում և հասցնում ամենածանր ու ցավալի հարվածները։ Հատկապես աչքի ընկնող կանայք առանձնակի տաղանդ ունեն էդ բանն անելու։
-Աստվա՜ծ իմ, էս ի՜նչ փորձ ունի Ձեր տառապանքը, էդ հաստատ ես չեմ. էդ ո՞ւմ նկատի ունեք. միայն չասեք, թե՝ ինձ։ Էլի մեկի՞ն։ Անկեղծացեք,անկեղծացեք։
-Ինչպես միշտ, դուք «անկրկնելի» եք հարվածը վերցնելու և հետ շպրտելու առումով։
-Ոչինչ, դիմացեք, բայց վերադառնանք կրկին Ֆրոյդին. ո՞վ է այդպես Ձեզ նեղացրել, չեք էլ ամուսնացել էս տարիքում։
-Բազմաթիվ կանայք, ակնառու կանայք, որոնք երբեք առիթը բաց չեն թողնում։
-Էդ լավ նշան չի. դա լավ չի խոսում Ձեր մասին։ Եվ այնուհանդերձ, պատմեք՝ ինչ է եղել, ինչու է եղել, ումով է եղել։
-Սիրով պատասխանեմ, վստահ եմ իմ համեստ անձը, այդ թվում և իմ անձնական կյանքը, բացարձակապես չի հետաքրքրում ոչ ձեր թերթի ընթերցողին, ոչ էլ մեր հանրությանն առհասարակ, դա մի հարց է, որի մասին չարժե խոսել։
-Մի՜ ասեք, մի՜ ասեք, թանկագին Ուրիխանյան, Դուք մեզ հետաքրքիր եք Ձեր ամեն ինչով, զի նուրբ աշխարհում մենք բոլորս նույնն ենք, ոնց կարող ենք թողնել, որ Ձեզ «այլք» նեղացնեն, երբ աշխարհը շարժող միակ ուժը սերն է. թույլ տվեք հանդես գալ կոչով (չնայած ծեր ԲՀԿ-ի բամբ ձայնով «կոչողները» դա ավելի լավ կանեին), կանա՜յք, մի՜ նեղացրեք մեր երիտասարդներին՝ ոճային, ինտելեկտուալ, խոստումնալից երիտասարդներին։ Ասի՞։
-Ապրես»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։