ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը կատարյալ ձախողում է համարում 2014թ. Պետբյուջեի նախագիծը, իսկ վիճակն էլ իսկապես ողբալի է:
Նրա խոսքերով, սյս տարվա համար կառավարությունը կփորձի տնտեսական աճը չորս տոկոս ձգել, քանի որ Տիգրան Սարգսյանի լինել-չլինելու հարցն է:
«Տնտեսական աճը կլինի 2-2.5 տոկոս, սակայն նրանք կփորձեն «նկարել» չորս տոկոս», - նշեց նա:
Անդրադառնալով Մաքսային միությանը միանալուն և դրա ազդեցությանը «Պարտադիր կենսաթոշակային համակարգի» վրա, պատգամավորը նշեց, որ այս ամենի վրա ազդեցություն կունենա ռուբլու գոտին:
«Մենք անպայման կհայտնվենք ռուբլու գոտում: Դե քանի որ հայտնվել ենք Մաքսային միությունում, իրանց կանոններով էլ պետք է շարժվենք: Իրենք ասում են ինչու պետք է դոլարով առևտուր անենք: Եթե դուք լինեք Պուտինն ու Սարգսյանը և հայտնվենք Մաքսային միությունում, ինչու պետք է դոլարով առևտուր անեք», - նշեց նա:
Պատգամավորի խոսքերով, Ռուսաստանը հստակ հարց կդնի՝ ոչ մի դրսից արժեթուղթ: Անդրադառնալով արդեն կուտակային համակարգին նա նշեց, որ համոզված է, թե ոչ մեկ չի զբաղվել այս համակարգով:
«Ես ունեմ բոլոր երկրների պատկերը: Մոտ յոթ երկիր պարտադիրով սկսել է, հետո հասկացել է, որ սխալ է, սա այն իրավիճակն է, որ ուրիշի հարսով ուրիշի փեսուն լավություն ենք անում», - նշեց նա:
Նա անդրադարձավ Կառավարության բերած օրինակին, երբ որպես համակարգի օրինակ բերում էին Էստոնիայի օրինակը, նշելով, որ Էստոնիայում հինգ տոկոսի փոխարեն երկուսն են փոխանցում, իսկ պետությունը ավելացնում է չորս տոկոս:
«Եթե հայտնվում ենք Մաքսային միությունում, չենք կարող քցել ռուսներին: Եթե չես կարող քցել, ինչու ես փորձ անում: Եթե ժողովուրդը կողմ է մաքսային միությանը, թող անենք», - նշեց նա: