Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է ունեցել ռուսական «Սպորտ-Էքսպրեսս»-ի թղթակցի հետ: Նա խոստովանել է, որ մտադիր է դառնալ գերմանական ակումբի առաջատարը: Կայքը հիշեցնում է նաև, որ Մխիթարյանը «Շախտյորից» գերմանական ակումբ է տեղափոխվել 27,5 միլլիոն եվրոյով: Ընթացիկ մրցաշրջանում նա Գերմանիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում անցկացրել է 14 խաղ և խփել չորս գնդակ:
– Դուք մի քանի ամիս է, ինչ «Բորուսիայում» եք, սակայն գերմանական մամուլը Ձեզ արդեն թիմի առաջատարներից է համարում:
- Կարդացել եմ... Եթե նույնիսկ խաղային առումով ինչ-որ բան չի ստացվում, փորձում եմ լինել օգտակար՝ շատ վազելով, հայտնվելով մենապայքարի մեջ եւ օգնելով պաշտպանությանը: Իսկ ինչ վերաբերում է առաջատար անվանելուն, ապա, իհարկե, ցանկանում եմ դա, բայց ոչ թե բառերով, այլ՝ խաղադաշտում:
- Ձեզ ձեռք բերելու համար «Բորուսիան» վճարել է ռեկորդային 27.5 միլիոն եվրո...
- Ինքներդ եք հասկանում, որ այդ գինը ես չեմ սահմանել: Շնորհակալ եմ Դորտմունդի թիմին, որ այդպիսի գումարներ է ծախսել ինձ ձեռք բերելու համար: «Բորուսիայում» ինձ միանգամից զգացի ինչպես տանը: Այստեղ ինձ շատ լավ ընդունեցին բոլորը՝ մարզիչները, ֆուտբոլիստները, բժիշկները: Հավաքներին ամեն ինչ հիանալի էր եւ հանկարծ ստացա վնասվածք: Այդ պատճառով բաց թողեցի մեկ ամիս եւ տրամադրությունն, իհարկե, բարձր չէր: Խաղային ռիթմին վերադառնալը հեշտ չէր, սակայն, փառք Աստծո, վերջին խաղերում կարծես վերգտել եմ իմ խաղը:
- «Լիվերպուլ», ՊՍԺ, «Մանչեսթեր Սիթի», «Չելսի», «Յուվենտուս», «Տոտենհեմ». մամուլի համաձայն՝ այս ակումբները ցանկանում էին ձեռք բերել Ձեզ: Ինչո՞ւ ընտրեցիք «Բորուսիան»:
- Զրուցեցի Յուրգեն Կլոպի հետ եւ ինձ մոտ վստահություն առաջացավ, որ նրա գլխավորությամբ կարող եմ առաջադիմել: Կարծում եմ, որ դորտմունդցիների խաղաոճը ամենաշատն է համապատասխանում իմ խաղային ձեռագրին:
- Չեմպիոնների լիգայի եզրափակչի ժամանակ արդեն գիտեի՞ք, որ տեղափոխվելու եք «Բորուսիա»:
- Ոչ, ինչ եք ասում: Այդ ժամանակ մրցաշրջանը դեռ չէր ավարտվել, եւ թիմերը չգիտեին, թե ում պետք է գնել կամ վաճառել:
- Իսկ ո՞ւմ էիք երկրպագում «Ուեմբլիում»:
- Ոչ ոքի: Հուսով էի տեսնել շատ գեղեցիկ ֆուտբոլ: Տեսա: