«Հրապարակի» տեղեկություններով, մոտ երկու շաբաթ առաջ կալանավորվել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ տնօրեն Սամվել Հովհաննիսյանը:

«Սա, կարելի է ասել, Խաչիկյան-3-ն է Դատական կարգադրիչների գործից հետո: Այս ընկերությունում եւս մեռյալ հոգիներ են պահել՝ մարդկանց են ձեւակերպել, որոնք չեն աշխատել, իսկ նրանց հասանելիքն ստացել են ընկերության տնօրենն ու այլ անձինք: Այս գործում եւս ահռելի յուրացումներ են կատարվել պետական բյուջեից՝ գումարներ են լվացվել, աշխատողների ցուցակներ են կեղծվել, չիրականացված ծախսեր ցույց տրվել:

Երեկ ոստիկանության լրատվության պատասխանատու Արմեն Մալխասյանը հաստատեց մեր տեղեկությունը, սակայն չհայտնեց յուրացման չափը: Մեր տեղեկություններով, դեռ հաշվարկներ են արվում, եւ մեղադրյալների ցուցակը դեռ ավարտուն չէ: Առայժմ մեղադրանք առաջադրված է միայն «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ տնօրեն Սամվել Հովհաննիսյանին:

Ինչպես հաղորդեցին ոստիկանությունից՝ նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախությանն օժանդակելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ (Քրօր. 38-178 հոդված, 3-րդ մաս, 1 կետ, 308 հոդվածի 3-րդ մաս): Գործը ոստիկանության քննչական վարչության վարույթում է»,- գրում է թերթը: