Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Գյումրին, արդեն մի քանի օր է եռուզեռի մեջ է, ասֆալտապատվում են ճանապարհները, սկսել են վերանորոգվել շենքերը, որոնք մի քանի տարի քարուքանդ վիճակում են գտնվել, քաղաքի մի շարք հատվածներում եռում է աշխատանքը:

Այդ ամենի պատճառը, ինչպես նշում է Regnum գործակալությունը, դեկտեմբերի 2-3-ը սպասվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցն է Գյումրի: Այնտեղ որոշ տվյալների համաձայն Ռուսաստանի նախագահը մասնակցություն է ունենալու ամենամյա հայ-ռուսական տնտեսական ֆորումին, որն էլ ծրագրվում է անցկացնել Գյումրիում:
Լայնամասշատբ աշխատանքներ են տարվում «Շիրակ» օդանավակայանի մոտ ճանապարհի վրա, որը չի վերանորոգվել շուրջ 20 տարի: Այն ասֆալտապատվում է, փողոցի կողքերից հավաքվում է կուտակված աղբը, փոշին և կեղտը:
Վերանորոգման աշխատանքներ են տարվում նաև Գյումրիի Աբովյան փողոցի վրա, որտեղ գտնվում է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձանը: Ծրագրվում է, որ Ռուսաստանի նախագահը ծաղկեպսակ կտեղադրի զոհվածների հիշատակին:
Գյումրիի դրամատիկական թատրոնի շենքը, որտեղ նույնպես նախատեսվում է անցկացնել հայ-ռուսական տնտեսական ֆորումը, 10 տարվա մեջ առաջին անգամ վերանորոգվում է:
Հայկական լրատվամիջոցներում նշվում է, որ Վլադիմիր Պուտինը ամենայն հավանականությամբ թռիչք կկատարի Երևանի վրայով և վայրէջք կկատարի երկրի երկրորդ օդանավակայանում «Շիրակում»:
Հատկանշական է, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանը դեռևս «չգիտի», թե արդյոք պատրաստվում է Վլադիմիր Պուտինն այցելել Գյումրի:

«Անկեղծ ասած, չեմ կարող տրամադրել վերջնական տեղեկատվություն, ես նույնպես մինչև վերջ չգիտեմ: Ինձ հայտնի է, որ նա այցելելու է Հայաստան, սակայն Գյումրի այցելելու մասին դեռ հայտնի չէ»,- հայտարարել էր նա «Ազատություն» ռադիոկայանին: Միաժամանակ քաղաքապետը խոստովանել է, որ վերանորոգման շխատանքները քաղաքում չի տարվում ոչ թե քաղաքի բյուջեի միջոցներով, այլ պետական տեսչությունների օժանդակությամբ: Այսպես Դրամատիկական թատրոնի շենքի վերանորոգման համար միջոցներ տրամադրել է Մշակույթի նախարարությունը, իսկ ասֆալտապատման համար՝ Տրանսպորտի նախարարությունը:
Իր հերթին «Առավոտ» պարբերականը Պուտինի գալիք այցի մասին զրուցել է «Շիրակ-կենտրոնի» հասարակական կազմակերպության ղեկավար Վահան Թումանյանի հետ, ով կիսվել է Ռուսաստանի նախագահի այցի սպասումներով: «Յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյայի, առավել ևս գերտերության ղեկավարի այցը միանշանակ օգտակար կլինի քաղաքի համար: Այսպես ասած դա ավելացնում է Գյումրիի հեղինակությունը: Բացի դա վերջին անգամ Գյումրիի փողոցները լուրջ կերպով ալֆալտապատվել են 1992-1993 թվականներին, երբ Ջորջ Բայրոնի անվան դպրոցի բացման միջոցառմանը մասնակցելու համար քաղաք էր այցելել Մարգարեթ Թետչերը: Այն ժամանակ ասֆալտապատվեց ամբողջ քաղաքը»,- հիշեցրել է Թումանյանը՝ միաժամանակ հստակեցնելով, որ այս անգամ ասֆալտապատվել է ոչ թե ամբողջ քաղաքը, այլ միայն նրա որոշ հատվածներ:«Սակայն դա էլ է լավ»,- ավելացրել է նա:
Վլադիմիր Պուտինը դառնալու է Ռուսաստանի արդեն երկրորդ նախագահը, ով այցելել է Գյումրիին, մինչ այդ դա արել էր ներկայիս վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նա այցելել էր քաղաք 2010 թվականի ամռանը հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման հանդիսավոր միջոցառման մասնակցելու նպատակով:
Գյումրիում է գտնվում նաև ռուսական 102-րդ ռազմաբազան:

Հ.Գ. Regnum գործակալության այս հոդվածից հետո, մնում է միայն երանի տալ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաճախ այցելի Հայաստան, մասնավորապես Հայաստանի մյուս քարուքանդ եղած և անմխիթար վիճակում գտնվող քաղաքներ, որոնք տարիներ շարունակ մատնված են անուշադրության և մեր պետական այրերը այդ մասին հիշում են միայն Պուտինի այցից առաջ: