«ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղում Հայաստանի պաշտպանության նախարարության թիմը 11 մետրանոց հարվածաշարերով առավելության է հասել Ոստիկանության թիմի նկատմամբ և արժանացել պատվավոր գավաթին: Մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է ՊՆ-ի թիմին՝ փայլուն հաղթանակի կապակցությամբ և նշել. «Այս մրցաշարը շատ հետաքրքրիր էր և լարվածության մեջ էր պահում կառավարության ողջ աշխատակազմին, քանի որ բոլորն ուշադրությամբ հետևում էին, թե իրենց թիմերն ինչպես են խաղում: Կարևորն այն է, որ ֆուտբոլը դառնում է մասսայական և բոլոր գերատեսչություններն արդեն պատրաստվում են հաջորդ տարվա մրցաշարին: Միևնույն ժամանակ, ցանկանում եմ նշել, որ այսօր պարտվողներ չկան, որովհետև մենք բոլորս ենք հաղթել՝ տեսնելով այս գեղեցիկ հանդիպումը, որից ստացանք մեծ բավականություն»: Հաղթող թիմին պատվավոր գավաթը և մեդալները հանձնել է անձամբ Տիգրան Սարգսյանը: Հինգերորդ տարին անընդմեջ անցակցվող «ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարի նախաձեռնողը ՀՀ կառավարությունն է: Մրցաշարի անմիջական կազմակերպիչը և անցկացնողը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն է, գլխավոր աջակիցը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: «ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարն աննախադեպ մասսայական միջոցառում է, որը բացառապես ուղղված է պետական կառավարման մարմինների աշխատակիցների ֆիզիկական ակտիվացմանը, մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի արմատավորմանը: «ՀՀ վարչապետի գավաթ-2013» ֆուտբոլային մրցաշարին մասնակցել են պետական կառավարման 15 գերատեսչություններ: Մրցաշարի բրոնզե մեդալներին արժանացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության թիմը, որը երրորդ տեղի համար պայքարում 3:1 հաշվով առավելության է հասել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության թիմի նկատմամբ: