Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Հարգելի՛ պարոն Նախագահ,
Շնորհավորում եմ Ձեզ վերընտրվելու կապակցությամբ:
Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները զարգացրեցին 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված միտումները, և ես ուրախ եմ, որ լրատվամիջոցները քարոզարշավի հավասարակշռված լուսաբանում են ապահովել: Համաձայն եմ նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական եզրակացությունների հետ, որ ընտրությունները ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված՝ հիմնարար ազատությունների պահպանմամբ, թեպետ դեռևս որոշ աշխատանք է մնում կատարելու: Առաջ շարժվելով Հայաստանը, հուսով եմ, կշարունակի ավելացնել թափանցիկությունը, խրախուսել բազմակարծությունը հիմական լրատվամիջոցներով և քաջալերել քաղաքացիների ակտիվ մասնակցությունը բարեփոխումներին ու կառավարմանը, ինչպես նաև լուծել ԵԱՀԿ կողմից բարձրացված մնացյալ խնդիրները:
Ձեր պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում հուսով եմ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը միասին կաշխատեն՝ առաջ մղելու ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները, որոնք էական են աճող երկկողմ առևտրի և ներդրումների համար: Ես նաև մնում եմ հանձնառու օգնելու ձեր երկրին՝ գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային լուծում և խնդրում եմ Ձեզ, որպեսզի այսուհետ ևս Մինսկի խմբի համանախագահներին ցուցաբերեք Ձեր լիակատար աջակցությունը: Մենք չենք կարող բավարարվել ստատուս քվոյի պահպանմամբ, մենք պետք է օգտագործենք այս ժամանակահատվածը՝ խաղաղ գործընթացին նշանակալի աջակցություն ապահովելու համար:
Ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ, ինչպես նաև Հայաստանի ժողովրդի՝ ամրապնդելու մեր երկրների միջև վաղեմի կապերը և պատմական բարեկամությունը»,-ասված է ԱՄՆ պետքարտուղարի շնորհավորական ուղերձում: