Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի առիթով նախաքննությունը դեռևս շարունակվում է: Հարուցված քրեական գործով միակ մեղադրյալն այժմ Արտակ Բուդաղյանն է: Գործը քննող քննիչ Ալեքսան Ղազարյանն իր կողմից կայացված որոշումների բողոքը դատարանում քննելու ընթացքում հայտարարել է, որ դեպքի հետ կապված որոշ դրվագների առնչությամբ ինքը պետք է իրավական գնահատական տա:

Բուդաղանների փաստաբան Հայկ Ալումյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ իր պաշտպանյալ Արտակ Բուդաղյանի հետ որևէ քննչական գործողություն չի կատարվել սեպտեմբեր ամսից, երբ կայացվել են Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները:

«Ես այն կարծիքին եմ, որ այդ նախաքննությունն իրենից իմիտացիա է ներկայացնում: Զուտ նրա համար է դա հիմա իրականացվում, որպեսզի պատճառ լինի քրեական գործի նյութերը դատարան չներկայացնելու համար»,- կայքի հետ զրույցում ասել է փաստաբան Հայկ Ալումյանը:

Նշենք, որ նա բողոքարկել է Տիգրան Խաչատրյանի, Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և նրանց ազատ արձակելու մասին որոշումները. Հայկ Ալումյանը բողոքարկել էր նաև դեպքի օրը սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը:

Նախաքննական մարմինը նշել էր, որ Ավետիք Բուդաղյանը դեպքի օրը կատարել է Քրեական օրենսգրքով նախատեսված գործողություններ, սակայն նրա մահվան պատճառով դադարեցրել էր քրեական հետապնդումը:

Հայկ Ալումյանը նշել է, որ այն դրվագները, որոնք նախաքննական մարմինը շարունակում է քննել, պարզ դրվագներ են.

«Իրենք ասում են՝ քննում ենք ավտոմեքենայի մեջ տեղի ունեցած դեպքը: Այդ դեպքով երեք հոգի մարդ են եղել, որոնցից էլ մեկը մահացած է, երկու հոգու պետք է հարցաքննեն: Երևի իրենք մի քանի անգամ հասցրել են հարցաքննել: Հասկանալի է, որ դա այն բանը չէր, որ վեց ամիս քննվեր: Անհեթեթություն է ուղղակի այդ դրվագը կամ Արտակ Բուդաղյանին վերագրվող սպառնալիքի դրվագը քննել վեց ամիս, մանավանդ որ այն, ինչ Արտակ Բուդաղյանին է վերաբերվում, տեսանյութը կա:

Այդ ամենից ելնելով՝ իմ կարծիքը վաղուց եմ ձևավորել: Հստակ է, որ այդ ամեն ինչը արհեստականորեն ձգձգելու նպատակ է հետապնդում, որպեսզի դատարան չներկայացվեն քրեական գործի նյութերը»:

Հ. Ալումյանի խոսքով՝ ՊՆ քննչական մարմինը դեռևս շարունակում է նախաքննություն իրականացնել գործի այն դրվագների մասով, որոնք վաղուց կարող էր ավարտված լինել:

«Հենց այն նույնը օրերին՝ սեպտեմբերի 6-ին և 7-ին, երբ կայացվել են տխրահռչակ որոշումները (խոսքը որոշումների մասին է, համաձայն որոնց՝ Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանն ազատ էին արձակվել, իսկ Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր նրա մահվան պատճառով:- Օ.Հ.), այս մասով էլ նախաքննությունը կարող էր ավարտված լինել: Զավեշտ է, որ Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի գործողությունների գնահատականներ տալը իրենցից երկու անգամ ավելի կարճ ժամանակ է խլում, քան իմ նշած հարցերինը»,- ասել է Հ. Ալումյանը:

Նրա խոսքով՝ նախաքննական մարմինը ցանկանում է կարճել հարուցված քրեական գործը:

 

Մանրամասները՝ 168.am-ում