«Հրապարակը» գրում է. «Վերջին օրերին շտապօգնության բժիշկների վրա հարձակման մի քանի դեպք գրանցվեց: Նման դեպքերի պատճառը, որպես կանոն, շտապօգնության ուշ արձագանքելն է:

Երեկ տեղեկացանք, որ շաբաթ օրը շտապօգնության բժշկի վրա հարձակման մի փորձ էլ եղել է նոյեմբերի 23-ին, Նուբարաշեն համայնքի 12-րդ փողոցում: Այս փողոցի տներից մեկում 50-ամյա մի բնակիչ թունաքիմիկատ է խմել, ապա կախվելու փորձ արել: Տան անդամները, նկատելով գործողությունները, ահազանգել են շտապօգնություն: Բուժաշխատողների տեղ հասնելու պահին նա ոչ ադեկվատ վիճակում է եղել ու հարձակվել է բուժանձնակազմի վրա:

Շտապօգնության կայանի տնօրեն Թագուհի Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդպիսի հնչեղ դեպք չի լսել, եթե լիներ, ինքը կտեղեկանար: Սակայն ոստիկանությունում բռնության մասին ահազանգ եղել է: Լրատվական ծառայությունից երեկ ասացին, որ նման ահազանգ գրանցվել է, եւ հետաքննություն է կատարվում: Հիշեցնենք, որ բռնության երկու դեպք գրանցվեց նախորդ շաբաթվա ընթացքում: