ՀՀ քաղաքացի Սուսաննա Ասատրյանը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Նամակում մասնավորապես ասվում է. «ՀՀ Ոստիկանության գլխավոր քննչական վարչության ՀԿԳ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով 11.05.13 թ-ին իմ ամուսինը` Մարտին Արմենակի Ծերունյանը, ձերբակալվել է, 14.05.2013թ-ին նախաքննական մարմինը նրան անհիմն մեղադրանք է առաջադրել ու որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը 2 ամիս ժամկետով:
Այս ամիսների ընթացքում ամուսինս ու նրա պաշտպանը բազմաթիվ միջնորդություններ ու բողոքներ են ներկայացրել ինչպես նախաքննական մարմին, այնպես էլ դատախազություն և դատարան, բոլոր դեպքերում ստացվել են չպատճառաբանված ու անհիմն բացասական պատասխաններ:
Արդեն 6 ամսից ավելի է իմ ամուսինը ապօրինաբար գտնվում է կալանքի տակ, այս ամիսների ընթացքում նրա հետ ոչ մի քննչական գործողություն չի կատարվել, չի պարզաբանվել առաջադրված մեղադրանքի էությունը:
Դատարանը կալանավորման ժամկետը արդեն 3 անգամ երկարացրել է` հիմք ընդունելով, որ Մ. Ծերունյանին մեղսագրվում է ծանր հանցագործություն, ոչ մի դեպքում անդրադարձ չի կատարվում, թե ինչով է հիմնավորվում առնչակցությունը այդ մեղսագրված ծանր հանցագործության հետ:
Այս խնդրի առնչությամբ, 23.10.13 թ-ին դիմել եմ ՀՀ Գլխավոր դատախազին, սակայն, պատասխանի փոխարեն ծանուցում եմ ստացել այն մասին, որ դիմումս քննարկման համար ուղարկվել է նախաքննական մարմին և մինչ օրս ոչմի պատասխան…
Զանգվածային լրատվամիջոցներից տեղեկանալով, որ խափանման միջոցի կիրառման օրենսդրական և գործնական հիմնահարցերին ևս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն եք տեսում` Ձեզ եմ ներկայացնում Մ. Ծերունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը երրորդ անգամ ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությունը և Երևան քաղաքի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի կայացրած որոշումը:
Մեծարգո պարոն նախագահ, հավատացած եմ, որ Ձեր բարձր աջակցության շնորհիվ վերջ կդրվի այս անօրինականությանը և իմ ամուսին Մարտին Ծերունյանը ազատ կարձակվի նախաքննական մարմնի կցկտուր հորինվածքի ու դատական ատյանների կույր քմահաճությամբ կայացրած որոշումների գերությունից»: