Քիչ առաջ YerevanNews.am-ի հետ զրույցում Արթիկ ՔԿՀ բանտարկյալ Արտակ Հակոբյանի կինը` Կարինե Հակոբյանը հայտնեց, որ իր ամուսնուն օրենքով հասանելիք ամենամյա արձակուրդի խնդրանքով վերջինս դիմել է համապատասխան մարմիններին, սակայն անհասկանալի պատճառաբանությամբ մերժում է ստացել:
"Ամուսինս դիմել է Արթիկ ՔԿՀ պետի ԺՊ, Արդարադատության մայոր Աղասի Խաչատրյանին, ով, ամուսնուս հանդեպ անձնական թշնամանքի պատճառով նպատակահարմար չի գտել արձակուրդ տալ: Թշնամանքի պատճառն այն է, որ ամուսինս իր դեմ բողոքարկում է ներկայացրել, իսկ գործն այս պահին գտնվում է ՀՔԾ հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Կարապետյանի մոտ:
Աղասի Խաչատրյանը սույն թվականի նոյեմբերի տասնհինգին որոշում է ամուսնուս դիմումը` կանչաժամկետ մեկնում տրամադրելու մասին, մերժել:
Ամուսինս բողոքարկել է սույն որոշումը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան, իսկ դատավորն էլ նույն հանցախմբի անդամ Աշոտ Մանուկյանն է, ով դատական նիստերից մեկի ժամանակ ամուսնուս կողմից ներկայացված հիմնավոր փաստերն ու բողոքներն անտեսելով` որոշում է կայացնում ի օգուտ Աղասի Խաչատրյանի:
Իսկ այսօր ամուսնուս` Արտակ Հակոբյանին, տեղեկացրել են, որ իր բողոքարկման նիստը տեղի է ունենալու Արթիկ ՔԿՀ հիմնարկում, որտեղ չկան ձայնատեսագրման հնարավորություններ, ինչն էլ կխոչընդոտի արդար և թափանցիկ նիստի ընթացքին: Այդ պայմանների պատճառով ամուսինս հետագայում անգամ չի կարողանա ներկայացնել վերոնշյալ նիստի ընթացքը անհրաժեշտ քննության համար:
Աշոտ Մանուկյանը ցանկանում է քողարկել նիստը, և Խաչատրյանի հետ համաձայնության գալով, նպատակ են հետապնդում` ամուսնուս ինքնավնասմանը:
Ամուսինս իր դիմումի մեջ նշել էր, որ հայտարարություններ պետք է անի, ըստ որոնց պետք է հարուցվի քրեական գործ:
Ամուսինս զգուշացրել է, որ եթե նիստն ընթանա Արթիկ ՔԿՀ-ում, ինքն ինքնավնասման կդիմի:
Ամուսնուս միակ խնդրանքն այն է, որ նիստն ընթանա Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում` միմյայն թափանցիկություն և անկողմնակալություն հետապնդելով",- ահազանգում է դատապարտյալի կինը: