shamshyan.com-ը հայտնում է, որ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ նոյեմբերի 28-ին, Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04:00-ի սահմաններում շտապ օգնության 1-03 կայանից ահազանգել են ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ Ավանեսովի փողոցի 8/1 շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա: Նշված շենք մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ խմբի պետ Անդրանիկ Ազարյանի գլխավորությամբ, հայտնաբերել են նշված շենքի թիվ 6 բնակարանում 30-ամյա Ռոման Նահապետյանի դին՝ կրծքավանդակի ձախ մասում ստացած հրազենային վնասվածքով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամանած քննչական խումբն ու ոստիկանության փորձաքրեագետները դիակի մոտ հայտնաբերել են որսորդական երկփողանի հրացան, ինչպես նաև երկտողներ, որոնցից մեկում Ռ. Նահապետյանը գրել է իր մորը. «լվացվելուց ինձ չհիշես, մամ ջան»: Երկտող է գրել նաև քեռուն, ով մասնագիտությամբ որսորդ է: Նամակներն ու հրազենն առգրավված են:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ հետքաբանական, մատնադրոշմային և ձեռագրաբանական՝ պարզելու համար դեպքի հանգամանքները: Ռ. Նահապետյանը ամուրի էր, բնակվում էր մոր հետ և աշխատում էր Երևանում գործող հայ-հունական քոլեջում՝ որպես փոխտնօրեն:


