Մոսկվայի «Սպարտակի» առաջատար ֆուտբոլիստներից մեկը Յուրա Մովսիսյանը ենթարկվել է մինիսկի վիրահատության: «Известия» պարբերականի տեղեկատվությամբ վիրահատությունը հաջող է ընթացել և ֆուտբոլիստը կկարողանա մոտակա ժամանակներս անցնել վերականգնողական վարժությունների:

Ինչպես հայտնել է մոսկովյան ակումբին մոտ կանգնած աղբյուրը, Մովսիսյանի բուժումը երկար չի տևի և առաջնության երկրորդ կեսի սկզբին ֆուտբոլիստը կկարողանա վերադառնալ ակումբ

«Վնասվածքը թույլ չի տա Յուրային մարզվել ևս մեկ ամիս, սակայն արդեն նոր տարվա հավաքներին ֆուտբոլիստը կմեկնի ակումբի հետ: Եթե ոչ մի բարդացում առաջ չգա վերականգնողական շրջանում, ապա առաջնության երկրորդ կեսի սկզբին Մովսիսյանը ամբողջությամբ պատրաստ կլինի խաղերին»,- հայտնել է պարբերականի աղբյուրը:

Անձամբ ֆուտբոլիստը խոստովանել է, որ իրեն լավ է զգում և արդեն ցանկանում է խաղադաշտ դուրս գալ:

«Շատ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր օժանդակել են ինձ վերջին ժամանակները: Իմ վնասված ծունկի վիրահատությունը հաջող է անցել: Հուսով եմ հնարավորինս  արագ կվերականգնվեմ և կօգնեմ ակումբին՝ չեմպիոնության համար պայքարում»,- նշել է Մովսիսյանը:

Սպարտակի ղեկավարությունը որոշել է առաջնության մնացած երկու խաղում` Նիժեգորոդի «Վոլգայի» և «Ռոստովի» դեմ, չվտանգել ֆուտբոլիստի առողջությամբ:

«Սպարտակի» և ԽՍՀՄ-ի նախկին անվանի ֆուտբոլիստ Ալեքսանդր Միրզոյանը գտնում է, որ ֆուտբոլիստի առողջությունը չվտանգելու որոշումը բացարձակ ճիշտ է:

«Անխոս ներկայսումս Մովսիսյանը կարմիր-սպիտակների հարձակման գծում կարևոր ֆուտբոլիստ է: Երբ Մովսիսյանը խաղադաշտում է, ապա մրցակցի պաշտպանները միշտ գտնվում են նրա ճնշման տակ: Նա թույլ չի տալիս նրանց կորցնել զգոնությունը: Իհարկե հնարավոր կլիներ մինչև խաղաշրջանի վերջ նրան խաղացնել, սակայն այդ դեպքում երաշխիք չէր լինի, որ վնասվածքը չի խորանա: Վտանգել ֆուտբոլիստի առողջությունը, հատկապես հաշվի առնելով մինիսկի վնասվածքի առանձնահատկությունը, չարժի ոչ մի պարագայում: Մինչև խաղաշրջանի ընդմիջումը մնացած երկու խաղում իր հնարավորությունը կստանա պարագվայցի Լուկաս Բարիոսը: Լատինաամերիկացին պետք է ապացուցի իր ուժերը, քանի որ տվյալ պահին ակումբի համար նրա նշանակությունը գերագնահատված է»:

Ընթացիկ առաջնությունում Մովսիսյանը «Սպարտակի» խաղաշապիկով 16 խաղ է անցկացրել, որոնց ընթացքում աչքի է ընկել 12 գոլով: Ռմբարկուների ցուցակում հայազգի հարձակվողը առաջին տեղը կիսում է վարձակալության մեջ գտնվող նախկին թիմակից Արտյոմ Ձյուբայի հետ: