Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի 3D մոդելավորված տարբերակն արդեն պատրաստ է: Սա հնարավորություն է տալիս տեսնելու, թե ինչպես է տեղի ունեցել վթարը: Այս մասին NewsBook-ին ասաց Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը և հավելեց, որ տուժող կողմը ետընթաց շարժում է կատարել` չնայած դրա վարորդի պնդումներին այն մասին, որ վթարի պահին ինքն անշարժ կանգնած է եղել իր տեղում: Հարցին, թե արդյոք 3D մոդելավորման արդյունքներն ի օգուտ Պետրոսյանի՞ են, Բաղդասարյանը պատասխանեց, որ շուտով պարզ կլինի, թե դրանք ի վնաս ում են:

«Մենք չենք ցանկանում շոու ստեղծել, այլ ուզում ենք հնարավորինս խաղաղ տարբերակով այս խնդիրը լուծել: Տուժող կողմին և նրանց փաստաբաններին արդեն տրամադրվել է 3D մոդելավորումը»,- ասաց Բաղդասարյանը և տեղեկացրեց, որ երեկ արդեն ստացել է Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքն անփոփոխ թողնելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը և երկուշաբթի օրը պատրաստվում է բողոքարկել այն:

NewsBook-ը կապ հաստատեց նաև տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի հետ: «Ի՞նչ 3D, ես չգիտեմ, թե դա ինչ է, իրենք այդքան ռիսկ ունե՞ն, որ ինձ դա տրամադրեն»,- ասաց Բալոյանն ու հավելեց, որ ինքն ու իր պաշտպանյալները չունեն վթարի մոդելավորված տարբերակի կարիքը, եթե անգամ այն իրենց տրամադրի, կհրաժարվեն դրանից, ուստի թող Բաղդասարյանը այն հասարակությանը տրամադրի:

 

Մանրամասներն` սկզբնաղբյուր կայքում: