Ազգային ժողովի հերթական նիստը մեկնարկել է, սակայն հենց սկզբից այն սկսվեց խնդիրներով: Պատգամավորների գրանցման ժամանակ պարզվեց, որ տեխնիկան լավ չի աշխատում , ստիպված եղան երկու անգամ գրանցում անցկացնել և վերջնական ստացվեց, որ ներկա են 107 պատգամավոր:

Արդեն օրենքների քվեարկության ժամանակ պարզ դարձավ, որ կան տեխնիկական խնդիրներ և հնարավոր չէ այդ պահին քվեարկություն անցկացնել:

Վարման կարգի վերաբերյալ առաջարկությամբ հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, նշելով, որ քանի որ այսօր քվեարկության է դրվելու «Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին», ապա պետք է ուշադիր լինել քվեարկության առումով, քանի որ հարյուրավոր երիտասարդներ դրսում այս քվեարկությանն են սպասում:

Կարծիք հայտնեց նաև Վահան Հովհաննիսյանը. «Կարծում եմ սարքը պատահական չի փչացել», - նշեց նա, ապա առաջարկեց քվեարկությունն անցկացնել գաղտնի կերպով: Ի պատասխան սրան, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ այ առաջարկն անտեղին է, քանի որ սարքը սկսեց աշխատել:

Այս պահին խորհրդարանում ընթանում են օրենքի քվեարկություններ: Նշենք, որ այսօր նիստը վարում է Հերմինե Նաղդալյանը, քանի որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով գտնվում է Հնդկաստանում: