ԱԺ հարցուպատասխանի ժամին կառավարությանը հարց ուղղեց ԱԺ Ժառանգության խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Նա նախ նշեց, որ կառավարությունը վերջերս մեծ գումարներ է ծախսել «Ինչ, որտեղ, երբ» խաղի լիցենզիան կրկին ձեռք բերելու համար, սակայն խնդիր կա այտեղ, թե ինչու՞ է խաղն անցկացվում ռուսերենով:
«Այսօր սաղ աշխարհում կոնկրետ ծրագրեր են վերցնում, տեղայնացնում են: «Հայաստանի ձայնը» հոլանդական է, եկեք հոլանդերեն երգենք, կամ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղը ինչու՞ է ռուսերեն: Ինչու՞ չեք պայմանավորվում, որ այս խաղը հայերեն հեռարձակվի, մտածում եք, թե հայերենով դա հնարավոր չէ՞», - հարցրեց նա:

Հարցին պատասխանելու համար ամբիոնին մոտեցավ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը: Նա նշեց, որ խաղի հաղթողները մասնակցում են միջազգային լիգայի, որտեղ լեզուն ռուսերենն է:

«Այդ տրամաբանությամբ է խաղն ընթանում ռուսերենով», - նշեց նա: Նա նշեց նաև, որ խաղի հետ կապված միջոցառումներն անցկացվում են հայերենով:
«Ռադիոյի և հեռուստատեսության մասին օրենքի» համաձայն` կա դրույթ, որ ազգային փոքրամասնությունների համար թույլ է տրվում հեռաձայնել հաղորդումը այլ լեզվով»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:
«Փոքրամասնությունը հայե՞րն են: Բայց դուք խաղ եք խաղում, ու հայկական թիմերը խաղում են Հայաստանի տարածքում ու մեկը մյուսի հետ խաղում են այլ լեզվով: Գնացեք դուրս, խաղացեք ռուսերենով, եկեք մեզ մոտ, խաղացեք հայերենով: ՈՒԵՖԱ-ի լեզուն էլ ֆրասներենն է, հիմա Ռուբեն Հայրապետյանը ինչ… ֆրանսերենի՞ մասնագետ է»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը: