«Օհանավան գյուղի բնակիչ Սուսաննա Գաբրիելյանն ամեն հինգշաբթի Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ անողների թվում է։ Օհանավանի հոգևոր առաջնորդ Եփրեմ քահանա Զարգարյանը աչք է դրել տիկին Սուսաննայի պապական հողի վրա և ցանկանում է այնտեղ օբյեկտ կառուցել։

Սուսաննա Գաբրիելյանի գերդաստանի կենսագրությունը Օհանավանում 200 տարվա պատմություն ունի։ Նրա պապը՝ Տեր Բարսեղը, նույնպես հոգևոր ծառայող էր, ում գերեզմանաքարը դեռ պահպանվում է Օհաննավանքի բակում։ «Իմ պապական տան տարածքը ձորի բերանին է, Քասախ գետի ձախ ափին, եկեղեցուց մոտավորապես 100 մետր հեռավորության վրա: Այդ տարածքը նախկինում աղբակույտեր էին, քարակույտեր, հիմա սքանչելի տարածք ենք դարձրել։ Այդ տարածքը նախկինում պահպանական տարածք էր և պատկանում էր մշակույթի նախարարությանը։ 2000 թվականին շահագրգիռ անձինք դրանից 9000 մետրը տարանջատեցին, դարձրին համայնքի սեփականություն և տարածքի մի մասը վաճառեցին ինչ-որ անձանց։

Մենք էլ մեր բաժին 1000 մետրը բարեկարգեցինք, 100 հատ ընկուզենի ենք տնկել։ Հիմա մութ գործարքի արդյունքում հողը խլում են մեզնից, որ տերտերը օբյեկտ կառուցի»,-մեզ հետ զրույցում պատմեց Սուսաննա Գաբրիելյանը։
Եփրեմ քահանան, տիկնոջ պատմելով, մի քանի անգամ ակնարկել է, թե՝ հողամասը վաճառիր, գնեմ, բայց մերժում է ստացել։ Այս տարվա հուլիս ամսից Գաբրիելյանին են սկսել այցելել ոստիկաններն ու ստիպել բացատրագիր գրել այն մասին, թե այդ հողն ապօրինի է, և որ ընկուզենիներն էլ ապօրինի է տնկել։ Բանն այն է, որ 20 տարի իրենց կողմից խնամվող հողի սեփականաշնորհման նպատակով Սուսաննա Գաբրիելյանը կադաստր է դիմել 2 տարի առաջ, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով այսքան ժամանակ հետևողական չի եղել, սեփականության վկայական չունի։ Չնայած ասում է, որ հողն իրենց օտարելու մասին Օհանավանի ավագանու որոշում կա»,–գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։