«Հրապարակ» թերթն անդրադարձել է հայաստանյան բիզնես շրջանակների՝ Պուտինի և ռուսական պատվիրկության հետ կապվող պրագմատիկ հույսերին, նշելով որ դրանք չափազանցված էին։ Ներկայացնում ենք հոդվածի՝ «Նաիրիտ» գործարանին վերաբերող հատվածը.

«Նաիրիտի» վերաբերյալ ռուսների մտադրությունները ևս խիստ չափազանցված են, հակառակ դեպքում բազմանդամ պատվիրակությունից գոնե մեկ-երկու հոգի կայցելեին գործարան։

Մեր աղբյուրները հաղորդում են, սակայն, որ այս անգամ այնտեղ ռուսի ոտք չի մտել, և գործարանում նույն լքված վիճակն է։ Էներգետիկայի նախարարի դուռը մի քանի անգամ գնալ-գալով, կոլեկտիվը ևս կես ամսվա աշխատավարձ պոկեց, որը բաժանվել է երկու օր առաջ, նաև նախարարի «մեծահոգի» խոստումը՝ մինչև հունվարի վերջ մի անգամ էլ «ժողովրդին» փող տալ, որ Նոր տարի անի, և սա լինելու է նաիրիտցիների ամենավերջին աշխատավարձը։

Ինչ մնում է ռուսներին, ապա գործարանի մեր աղբյուրները վստահեցնում են, որ «Ռոսնեֆտ» ընկերությունը հիմա էլ պատրաստ է «Նաիրիտում» ներդնել Ասիական բանկի 400 մլն դոլարը և իտալական Pirelli ընկերության հետ արդիականացման ծրագիր իրականացնել գործարանում, դողերի արտադրություն հիմնելով, սակայն ռուսական կողմն իր պայմանը վաղուց է դրել։ Այն է՝ քանի դեռ չի լուծվել գործարանի հիմնական պարտքի՝ մոտ 400 մլն դոլարի հարցը, «Ռոսնեֆտը» մասնակցություն չի ունենա «Նաիրիտ» ՓԲԸ-ում։ Այնպես որ, այս բաղձալի պայմանավորվածությունը հետաձգվել է անորոշ ժամկետով։ Եվ կրկին ստացվում է, որ ՀՀ կառավարությունից է կախված «Նաիրիտի» ճակատագիրը, և գործարանը կփրկվի, եթե կառավարությունն իր վրա վերցնի պարտքը։

Ի դեպ, Մոսկվայի արբիտրաժային դատարանը կրկին հետաձգել է լսումները «Մեժգոսբանկ»-ի հայցի շուրջ՝ ընդդեմ «Նաիրիտ» գործարանի։ Այն կայանալու է հունվարի 22-ին։ Բանկը պահանջում է հանձնել գործարանի գրավադրումից գոյացած պարտքի տոկոսները։ Ամռանը դրանք, բանկի հաշվարկով, կազմում էին մոտ 25 մլն դոլար, իսկ այժմ աճել են մինչև 40 մլն դոլարի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։