Lragir.am-ը գրում է` «Երեւանում տեղաց առաջին ձյունը, բավական առատ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անհամբեր սպասում էր այս իրադարձությանը: Եւ մի քանի լուրջ պատճառներով: 

Նախ, ձյունը «կծածկի» նրա գործունեության հետքերը, մասնավորապես փողոցների ասֆալտապատումը, որոնց վրա ծախսվեցին ահռելի գումարներ: Ընդ որում, քերվում էին հիմնականում Երեւանի կենտրոնի փողոցները, որոնք դրա կարիքը չունեին, կամ համենայնդեպս, առաջնահերթություն չէին: Եւ գարնան կողմ բացվելիք թերությունները կվերագրվեն ձյան քայքայիչ ազդեցությանը, թեեւ տեղ-տեղ արդեն դրանք նկատելի են:

Երկրորդ, Տարոն Մարգարյանը վերջապես կարող է երեւանցիներին «ապացուցել», որ տրանսպորտի գինը պետք է թանկացնել: Քաղաքապետարանի ու գծատերերի փաստարկն այն էր, թե 100 դրամով անհնար է տրանսպորտ աշխատեցնել, թարմացնել եւ վերազինել ավտոպարկը, մանավանդ ձմռանը, երբ կգա առաջին ձյունը: Նրանք ասում էին, թե տրանսպորտի «մարդասպան համակարգն» իրեն կդրսեւորի առաջին ձյան հետ:

Առաջին ձյունը տեղաց, եւ Տարոնն ու գծատերերը թերեւս ծրագրում են այսօրվա անելիքը: Գիշերը ճանապարհները կսառչեն, եւ մեքենաների մի մասը դուրս չի գա երթուղի: Ամռանը գծատերերը սաբոտաժի փորձ արեցին, սակայն «չանցավ», իսկ հիմա ունեն բոլոր «հիմքերը»:

Տարոն Մարգարյանի քաղաքապետության օրոք Երեւանի բնականոն կյանքի ու անվտանգության վրա գրեթե գումարներ չեն ծախսվում: Փոխարենը, ահռելի գումարներ են մսխվում այնպիսի ոլորտներում, որոնք առաջնահերթ չեն քաղաքի բնականոն գործունեության համար: Անձրեւներից, ձյան տեղումներից հետո փողոցներն անանցանելի են դառնում, երթեւեկությունը կաթվածահար է լինում: Տրանսպորտի մասին խոսելն իսկ ավելորդ է:

Փոխարենը, անշեղ աճում են նրա դրամական եւ այլ միջոցները, որոնց ծագումնաբանությունը Տարոնն այդպես էլ չի կարողանում բացատրել հոդաբաշխ բառերով:

Այսօր Տարոնի ու «մարդասպան համակարգի» համար կարեւոր օր է: Քաղաքացիները վաղը պետք է զգույշ ու զգոն լինեն»: