«Քաղաքացիական պայմանագիրը» կհամագործակցի այլ քաղաքացիական և քաղաքական ուժերի հետ այն դեպքում, երբ կքննարկեն համագործակցության հնարավորությունները, որն էլ տարընթերցումների տեղիք չի տա: Այսօր «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի առաջին ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալոբ նախագահական ընտրություններին իր թեկնածության առաջադրմանը, Փաշինյանը նշեց, որ Քաղաքացիական պայմանագիրը պետք է մասնակցի և խորհրդարանական և նախագահական ընտրություններին:
«Իսկ թե ով կմասնակցի ընտրություններին, պետք է որոշի քաղաքացական պայմանագիրը և խնդիրներից մեկն էլ այս հարցում նոր մոտեցումներ ցուցաբերելն է: Քաղաքացիական պայմանագրի նախագահի թեկնածուի հարցը որոշված չէ և դեռ չի կարող որոշված լինել, քանի դեռ հստակ որոշումներ չկան», - նշեց նա:
Փաշինյանի խոսքերով, չի բացառվում, որ քաղաքացիական պայմանագիրն ունենա նախագահի մի քանի թեկնածուներ: Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է պահանջեն արտահերթ ընտրություններ, նա պատասխանեց.
«Քաղաքացիական պայմանագիրը պետք է ձևավորի խնդիրներ և ստանա լուծում: Ոչ մի բան չպետք է պահանջենք պահանջելու համար: Մենք չպետք է քաղաքացուն տանենք պարտության»: