Դեկտեմբերի 9-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեին:

Իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով նորանշանակ դեսպանին` Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ երկու երկրների ու ժողովուրդների ջերմ եւ սերտ հարաբերություններին եւ վստահությամբ նշեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի դրանց առավել արդյունավորմանը: Այնուհետեւ իր խոսքում Նորին Սրբությունն ընդգծեց այդ կապերի զորացման գործում Ռումինիայի հայ համայնքի կարեւոր դերակատարությունը: Հայոց Հայրապետը գնահատանքով արձանագրեց, որ հայ ժողովրդի զավակները, հաստատվելով Ռումինիայում դեռ վաղ միջնադարում, իրենց ծառայասեր աշխատանքով նշանակալի ներդրում են ունեցել երկրի կյանքում, որի վկայությունը Ռումինիան զարդարող հայ ժողովրդի մտքի եւ հոգու արգասիքներն ու կերտած արժեքներն են:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Ռումինիայի դեսպանն անդրադարձան նաեւ Հայ Առաքելական եւ Ռումին Ուղղափառ Եկեղեցիների ջերմ հարաբերություններին, կարեւորեցին Եկեղեցիների դերակատարությունը ժողովուրդների կյանքում` որպես հասարակության բարոյական նկարագրի կերտող ու պետականության զորացման երաշխիք:

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Աստված օրհնի երկու եղբայր ժողովուրդների դարավոր բարեկամությունը եւ բարգավաճ կյանք պարգեւի նրանց: