Այսօր խորհրդարանում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ երեկ տեղի ունեցած միջադեպին և դրա հետևանքով եզդիների «նվերին»:

Նա նշեց, որ  խոսքը գնացել է ընդամենը այն մասին, որ լրագրողը պետք է ավելի մակարդակ ունենա, քան փողոց մաքրող եզդին:

Անդրադառնալով «Ինչ, որտեղ, երբ» խաղին, նա կրկին անգամ նշեց, որ դա օրենքի խախտում չէ: «Ո՞վ է ասել, որ դա օրենքի խախտում է: Ոչ մի օրենք էլ չի խախտվում, օրենք գրողը ես եմ, չի խախտվում: Ապացուցեք, որ օրենք է խախտվում», - նշեց նա՝ հավելելով, որ ինքը հովանավորում է այդ խաղը, և խորհուրդ տվեց լրագրողներին անդրադառնալ եթերի «աղբ»-ին, քանի որ այդ խաղը դրանց շարքին չի պատկանում:

Բադեյանի խոսքերով, կան որոշ լրագրողներ, ովքեր սադրանքով են զբաղվում, և իր խոսքն ուղղված չի եղել բոլորին: Նա նշեց, որ իր խնդիրը որոշ սադրիչ լրագրողների հետ է: Անդրադառնալով երեկ ԱԺ-ում իր պահվածքին և «արա»-ով խոսելուն՝ նա նշեց. «Արան չի վերաբերել և չի կարող վերաբերել որևէ աղջկա, արան բացականչություն է: Բացի նրանից, որ անուն է կամ վիրավորական դիմելու ձև, այն նաև բացականչության ձև է», - պարզաբանեց նա:

Լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում երեկ եզդի երիտասարդների ակցիային, ինչին ի պատասխան նա նախ նշեց, որ եզդիներն ակցիա են անցկացրել ապատեղեկատվության պատճառով, իսկ հետո հավելեց, որ նրանց պահվածքն այդ դեպքում հասկանալի է: «Շա՞տ մարդ եք ճանաչում Հայաստանում, որը հանդիպել է Քրդստանի վարչապետի և նախագահի հետ: Շա՞տ մարդ եք ճանաչում պատգամավորների մեջ, ովքեր այցելել են եզդիների սրբավայր», - նշեց նա՝ հավելելով, որ եզդիներին վերաբերվում է այնպես ինչպես բոլոր ազգերին:

 

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում Մանվել Բադեյանի և լրագրողների միջև ստեղծված միջադեպի ընթացքում պատգամավորն իրեն թույլ էր տվել հետևյալ արտահայտությունը. «Արա, իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»: Սա էլ իր հերթին զայրացրել էր մի քանի երիտասարդ եզդիների, ովքեր զուգարանի թղթով և էշի նկարով եկել էին ԱԺ-ի դիմաց՝ պատգամավորին նվեր հանձնելու համար: