Պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգին վերաբերող օրինագծի քննարկման ժամանակ ելույթի խոսք ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով հայտարարեց, որ իրենք  դեմ են քվեարկելու նախագծին։

«Հարգելի գործընկերներ, այս նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան պետական ռեկետ: Այլ կերպ ձևակերպել հնարավոր չէ, ու կապ չունի 20, 30, թե 40 տարի հետո կտա՞ն քեզ կենսաթոշակ, թե ոչ, կարևոր է աշխատավարձի մասնաբաժինը տալը»,-ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե  կամավոր համակարգի ժամանակ ԱԺ մեծամասնության և կառավարության որևէ ներկայացուցիչ նմուշի համար չի օգտվել այս համակարգից:

Անդրադառնալով այն ձեռնարկատերերին, ովքեր պատրաստակամություն են հայտնել վճարել իրենց աշխատողների փոխարեն, նա բնորոշեց որպես բլեֆ

«Ես հարց եմ ուզում հղել այդ հերոսական կազմակերպություններին, որոնք վստահաբար կամ պարտադրաբար փորձում են գնալ այս հերոսական ակցիային։ Ի՞նչ է՝ դուք 20, 30, 40 տարի յուրաքանչյուր ամիս այդ գումարները վճարելու՞ եք: Իհարկե ոչ, դուք հո ինքնասպան «կամիկաձենե՞ր» չեք։ Իհարկե, այդ անձնազոհությունը, ինքնազոհությունը կամ կամիկաձեությունը տևելու է մի քանի ամիս, որպեսզի այս աղմուկը մարի և բնականաբար ասեք՝ եկե՛ք, աշխատե՛ք և ձեր պարտավորությունները պետության առջև կատարեք ինքնե՛րդ»,-նշեց նա:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ոչ իշխանական 4 քաղաքական ուժերը դեկտեմբերի 17-ից կդիմեն ՍԴ։ «Ես ինձ չեմ համարում ռոմանտիկ մարդ, և ինձ համար արդեն իսկ կանխատեսելի է ՍԴ-ի վճիռը, բայց դա է առայժմ այս ճանապարհը»,- եզրփակեց նա։