YerevanNews.am-ն արդեն ներկայացրել էր, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Ամանորի մայր տոնածառի և վարչական շրջաններում տոնածառերի տեղադրման ծառայությունների ձեռքբերման համար տրամադրել է 20.000.000 դրամ:

Շարունակելով այս թեման, այս անգամ YerevanNews.am-ն ուսումնասիրել է Ամանորի կազմակերպման հետ կապված մեկ այլ պայմանագիր: Այն կնքվել է Երևան քաղաքի ամանորյա ձևավորման դիզայներական աշխատանքների կազմակերպման ծառայությունների համար: Աշխատանքների կազմակերպումը կրկին վստահվել է «Ձևավորում» ՓԲԸ-ին` այս անգամ տրամադրելով 2.000.000 դրամ:

Նշենք, որ աշխատանքների մեջ մտնում են 2013թ. ամանորյա լոգոտիպի մշակում և օգտագործման տարբերակների մշակում ամանորյա ձևավորման ժամանակ, Երևան քաղաքի հրապարակների ամանորյա ձևավորում /Հանրապետության, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Սախարովի, Բրազիլիայի, Ուրուգվայի հրապարակներ/:

Այս ծառայությունների մեջ են մտնում նաև 12 վարչական շրջանների կենտրոնական հրապարակների ձևավորման աշխատանքները, Երևան քաղաքի մուտքերի ամանորյա ձևավորման աշխատանքները:

Քաղաքապետարանն ու քաղաքապետն, ինչպես միշտ, շռայլ են գտնվում ձևավորման աշխատանքների կազմակերպման, ընդունելությունների կազմակերպման, ներկայացուցչական ծախսերի և այլ նման բաների համար:

Հ.Գ. Լավ կլիներ, որ քաղաքապետը քաղաքի ամանորյա ձևավորմանը 2 մլն դրամ տրամադրելու փոխարեն, այն ուղղեր մայթերի մաքրման աշխատանքներին, որպեսզի քաղաքացիները համոզված լինեին, որ անվնաս տուն կհասնեն: