Ինչպես և կանխատեսում էինք Դավութoղլուն եկավ, շոուն արեց և փառք ու պատվով գնաց:
Այսօր լրագրողներ հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
«Հայաստանի կողմից ամենամեծ բացթողումն այն էր, որ երկկողմանի հանդիպումը դռնփակ եղավ, իսկ հայկական մամուլի ներկայացուցիչներ ներկա չէին, ինչը չէիր ասի թուրքական կողմից, նրանց կարևոր ԶԼՄ-ները ներկայացված էին: Բայց նա չէր եկել բան ասելու, եկել էր շոու անելու»,- հավելեց թուրքագետը:
Շաքարյանի համոզմամբ` չնայած՝ Դավութօղլուն Ղարաբաղ բառը չասաց, սակայն խոսեց տարածաշրջանի ընդհանուր խաղաղության մասին: Յուրահատուկ էր թուրքագետի կարծիքով այն, որ Դավութօղլուն հենց ինքնաթիռում էր հարցազրույց տալիս:
«Այն, որ Դավութօղլուն գործածեց տեղահանություն բառը, մեծ ողբերգություն չի: Սա մեզ նաև հուշում է, թե ինչ ենք անելու, եթե հարյուրամյակին ներողություն խնդրեն: Դավութօղլուն հասավ նրան ինչին ուզում էր, սարքեց իր ուզած շոուն: Վերջնարդյունք Դավութօղլուն չէր էլ հետապնդում, թուրքական դիվանագիտությունը դա չի էլ ակնկալում: Ով տիրապետում է միջազգային ԶԼՄ-ներին, նա ավելի առաջատար է և հաղթող: Իսկ Դավութօղլուն ունի այդ դիրքը անգլալեզու ԶԼՄ-ներում, հիմնականում կարդում ենք Դավութօղլուի մեսսիջները, բոլորը նրան ողջունում են»,- ասաց թուրքագետը` նշելով նաև, որ ինքը չի տեսնում, որ այս տարիների ընթացքում որևէ բան փոխվել է, մեղքը միայն ԱԳՆ-ինը չէ, ոչինչ չի արվել ոչ մի մակարդակով:
Թուրքագետի դիտարկմամբ` ավելի արդյունավետ կլիներ դռնբաց քննարկումները, քանի որ այդ կերպ ոչ ոք ենթադրություններ չէր սկսի անել:
«Այն ժեստը, որ Դավութօղլուն հրավիրեց թուրքական մամուլին, պետք է մեր ԱԳՆ-ն էլ նույնն աներ: Մենք պետք է փորձենք սեփական սցենարներ ունենանք, մենք ցավոք սրտի դեռ արձագանքում ենք»,- եզրափակեց թուրքագետը: