«Հրապարակը» գրում է. «Սերժ Սարգսյանի հոր հուղարկավորությանը մասնակցելու է հայաստանյան ողջ էլիտան: Մոսկվայից Երեւան են եկել Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, Սամվել Կարապետյանը, «Լյուդինգի» սեփականատեր Արմեն Շահազիզյանը, բացի Արա Աբրահամյանից: Վերջինս գտնվում է Նահանգներում: Երեկ Հայաստան է վերադարձել նաեւ Ռոբերտ Քոչարյանը, որը նույնպես կմեկնի Արցախ:

Երեկ ողջ օրվա քննարկման թեման էր, թե ինչպես է ավելի նպատակահարմար եղանակային այս պայմաններում, երբ ճանապարհները որոշ տեղերում փակ են, իսկ որոշ տեղերում մերկասառույցով են պատված, Արցախ մեկնելը: Հարցականի տակ էր նույնիսկ ուղղաթիռի տարբերակը: Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը Ստեփանակերտ է մեկնելու այսօր առավոտյան, ուղղաթիռով, որովհետեւ միայն առավոտյան է տեսանելիությունը բավարար, եղանակը` թռիչքային:

Կառավարության անդամները, ըստ նախնական համաձայնության, կմեկնեն իրենց հայտնի ավտոբուսով, չնայած որոշները գտնում էին, որ այս եղանակին այդ ճանապարհներն ավտոբուսով հաղթահարել հնարավոր չէ: Մյուսները Ստեփանակերտ են մեկնելու իրենց ավտոմեքենաներով:

Հիշեցնենք` Ազատ Սարգսյանի հոգեհանգիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 18-ին, հուղարկավորությունը` 19-ին: Ի դեպ, շատերն արագ հետ են գալու, որովհետեւ ամսի 20-ին նախատեսված է ԱԺ արտահերթ նիստ: Իսկ կառավարության նիստը, թերեւս, հետաձգվի: Մեր տեղեկություններով, երեկ կառավարությունում այս հարցը քննարկվել է, եւ որոշել են հինգշաբթի օրվա նիստը տեղափոխել ուրբաթ»: