«Հրապարակ»-ը գրում է. «Հայկական սպորտային աշխարհի «մոնոպոլիստների»՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հեռակա մենամարտը շարունակվում է: Որքան մոտենում է տարեվերջը, այնքան կրքերը թեժանում են, իսկ խնդիրը նույնն է, պարզապես այս անգամ կշեռքի նժարը կարծես թե Հայրապետյանի կողմն է. եթե մինչ այս ՀՀ սպորտի նախարարները Ծառուկյանի մարդիկ էին և տարեվերջին լավագույն մարզիկ ընտրելիս առաջնորդվում էին իրենց «գերագույն հրամանատարի» խոսքով, ապա այժմյան նախարար Յուրի Վարդանյանն ակնհայտ ցույց է տվել, որ դեմ է Ծառուկյանի մենաշնորհին:

Ավելին՝ Վարդանյանը Հայրապետյանի մտերիմն է, և նրանք Ծառուկյանին համատեղ քննադատելու առիթը բաց չեն թողնում: Որքան էլ տհաճ է՝ այս ամենն իր ուղիղ արտացոլումն է գտնում հայկական մարզաշխարհի վրա: Նախորդ տարվա վեճը բոլորիս հիշողություններում թարմ է: Հայրապետյանը բորբոքվել էր, որ լավագույն տասնյակում չկար գեթ մեկ ֆուտբոլիստ, և շատերը, այդ թվում հայտնի լրագրողները, համաձայն էին ՀՖՖ նախագահի հետ. մեր ֆուտբոլիստները վերջին տարիներին իսկապես վաստակել են լավագույնների թվում տեղ զբաղեցնելու իրավունքը:

Այդուհանդերձ, այդ ամենն այնքան ոչ պրոֆեսիոնալ՝ թաղային մակարդակի զրույցներում բարձրաձայնվեց, որ տպավորությունն այնպիսին էր, ասես պայքարը ոչ թե արդարության, այլ արած աշխատանքն ի ցույց դնելու համար էր:

Ծառուկյանն իր հերթին նույնպես դասեր չքաղեց նախորդ տարվա փորձից, նրա պատճառաբանությունն այն է, որ ֆուտբոլիստներն առանձին պարգևատրվում են, և այս անգամ էլ լավագույնների թվում տեղ չէին զբաղեցնի ֆուտբոլիստները, եթե նախարարը նրա մարդը լիներ: